Հունիսի 11-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո, Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
Մարզչի խոսքով՝ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց մեծ հաշիվ է․ «Բայց խաղը տևում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։ Բայրամյանն ինքը խնդրեց, որ փոխարինվի, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ և իր թիմում 90 րոպե խաղալու սովոր չէ, և մենք պետք է թարմացնեինք մեր թիմը։ Ցավոք, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց։ Սակայն շատ գոհ եմ տղաների գործադրած ջանքերից»։
Կապառոսը նշեց՝ շարունակում է մտածել, որ տասը օրվա ընթացքում չորս հանդիպում անցկացնելը բարբարոսություն է, պետք է մտածել ֆուտբոլիստների մասին, նրանք ի վերջո մարդ են․ «Ֆուտբոլը խաղ է, և բախտի գործոնը կարևոր դեր է խաղում։ Այսօր բախտը մեզ չժպտաց։ Գրեթե երկու ինքնագոլ գրանցվեց մեր դարպասին։ Մրցակիցն էլ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց այդպես չստացվեց։ Սակայն շատ գոհ եմ այն տղաների խաղից, որոնք դաշտ դուրս եկան»։