Սպորտ

«Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք չունեմ»․ Փաշիկ Ալավերդյան

«Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք չունեմ»․ Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է արդյունքներն ու խոսել առաջիկա անելիքների մասին. «Բոլորի պարագայում էլ միշտ ավելին եմ սպասում: Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք չունեմ: Դեռ շատ անելիքներ ունենք: Այս առաջնության արդյունքներից բավարարված եմ»:

Ալավերդյանն անդրադարձել է նաև այն տղաներին, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը. «Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքներ ուներ: Ճիշտ է՝ բավականաչափ բուժումներ ենք արել, բայց այս առաջնությանը չէր հասցնի պայքարել մեդալների համար: Նա մեր առաջատար ծանրորդներից է ու մեր գլխավոր հույսերից մեկը:

Հակոբ Մկրտչյանը Հայաստանի առաջնության ժամանակ, առանց ինձ տեղյակ պահելու, քաշն իջեցրել էր 89 կգ, այն դեպքում, երբ մարզումների ժամանակ մինչև 99-100 կգ էր հասնում: Ես հույս ունեի, որ 96 կգ քաշային կարգում նա ամեն ինչ կարող է անել: Ամեն դեպքում, ես ընդունում եմ, որ Հակոբի պես տղային չէր կարելի տանը թողնել ու Եվրոպայի առաջնության տանել անփորձ տղայի, որը զրո ստացավ: Դա մեր մարզչական սխալն էր: Ընդունում եմ:

Եթե Հակոբն ուզում է ծանրաձող բարձրացնել, պետք է փոխի քաշն ու 96 կգ քաշում հանդես գա: 89 կգ քաշային կարգում այնպիսի իտալացի ծանրորդ կա, որ 4 քաշային կարգի հաղթեց իր արդյունքով: Նրա հետ մրցակցելն իրատեսական չէ»:

Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է նաև Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին, ով, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, 5-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում. «Մեծ սպորտը թողնելուց հետո վերադառնալը շատ դժվար է: Դեռ չեմ տեսել այնպիսի մարզիկի, որը վերադառնալուց հետո մեծ արդյունքների է հասել: Տա Աստված, Հռիփսիմեն մեզ հակառակն ապացուցի: Նրա մարզական կարիերան մեր աչքի առաջ է անցել, ու մենք միշտ նրա կողքին ենք եղել»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականը հուլիսից կսկսի նախապատրաստվել տարեվերջին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայանալիք աշխարհի առաջնությանը. «Աշխարհի առաջնությանը, կարծում եմ, կարող ենք մասնակցել 6-7 ծանրորդով: Կարևորը լավ որակ և արդյունք ապահովելն է: Ինչ վերաբերում է նախապատրաստական փուլին, ապա չեմ ցանկանում երկար դադարներ ունենալ: Մեկ ամիս հանգիստ կտանք տղաներին, իսկ նախապատրաստական հավաքները կսկսենք հուլիսի կեսերից»:

Փաշիկ Ալավերդյանը խոսել է նաև 2023 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին. «Շատ հաճելի է, որ հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: Առաջնությունից հետո մեր մարզադպրոցները կապահովվեն մարզագույքով, ինչը ևս շատ կարևոր է:

Ինչ վերաբերում է մարզական կողմին, ապա ես շատ կցանկանամ, որ տնային Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը կարողանա շատ մեդալներ նվաճել: Մեկ-երկու ոսկե մեդալը, իհարկե, բավարար չի լինի: Ես մաքսիմալիստ եմ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:

Երկամարտում արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) և գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական