Հայաստան-Իռլանդիա հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Խոսելով Ազգերի լիգայում C լիգայից B լիգա տեղափոխության մասին, Կապառոսը նշել է․ «Ֆուտբոլիստները մեծ վստահություն ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ և նրանք արժանացել էին դրան։ Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին ու մեր երկրպագուներին, կփորձենք լավ խաղ ցուցադրել ու լինել բարձրության վրա»։
Կապառոսի խոսքով` Հայաստանի ընտրանին մոտիվացված է, քանի որ ֆուտբոլիստները նվիրված են իրենց երկրին և մեծ սպասելիքներ ունեն Իռլանդիայի դեմ խաղից: «Պետք է շատ մեծ խանդավառությամբ սպասենք խաղին, բնականաբար, մեծ հարգանքով վերաբերվելով մրցակցին, որը շատ լավ ֆուտբոլիստներ ունի իր կազմում»,- ասել է նա:
Կապառոսը նշել է նաև, որ կփորձեն հաճույք ստանալ B լիգայից, որտեղ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է խաղալու․ «Կփորձենք առավելագույնն անել ու ուրախություն պարգևել հայ երկրպագուներին»։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին։