«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Այս առիթով ֆուտբոլիստը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Փյունիկի» սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն, եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին: 2021թ. միանալով «Փյունիկին», ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և«Փյունիկի» գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:
Շնորհակալ եմ Պարոն Սողոմոնյանին ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար: Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել: Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:
Սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք: Եվս 1 անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում«Փյունիկին» ապագայում»:
Գևորգ Ղազարյանը նախորդ ամռանն էր 10 տարվա դադարից հետո վերադարձել «Փյունիկ» և հանդիսանում էր թիմի ավագը։ 34-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 17 խաղ և խփել 3 գոլ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու հատկապես նախորդ մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու համար և մաղթել նրան հաջողություն հետագա կարիերայում։