Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը, որում ուժերը չափեցին «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Առաջին խաղակեսն ընթացավ «Լիվերպուլի» խաղային և տարածքային առավելությամբ, սակայն մի շարք վտանգավոր գրոհները նպատակակետին չհասան․ վարպետությամբ փայլում էր «Արքայական ակումբի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին, այդուհանդերձ, Կարիմ Բենզեմային հաջողվեց գրավել «Լիվերպուլի» դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց։ VAR համակարգով վիճելի դրվագն ուսումնասիրելուց հետո մրցավարի որոշումը չփոխվեց՝ 0։0։
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց «Ռեալը»՝ հավասարեցնելով խաղը։ 59-րդ րոպեին «Արքայական ակումբի» գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ։ Աջ եզրից Ֆեդերիկո Վալվերդեն անցավ մրցակցի խաղացողներին ու գնդակը փոխանցեց դարպասի ձախ եզրում գտնվող Վինիսիուսին, որն էլ գնդակն ուղարկեց դարպասը։ «Լիվերպուլի» ճնշում ավելացավ, գրոհները հետևում էին մեկը մյուսին, սակայն Կուրտուան իր բարձրության վրա էր։
Մադրիդի «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով՝ նվաճելով չեմպիոնական գավաթը։
«Արքայական ակումբն» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որն իր թիմերին 4 անգամ հաղթանակի է հասցրել Չեմպիոնների լիգայում․ «Ռեալի» հետ 2013/14 և 2021/22 մրցաշրջանում և երկու անգամ՝ «Միլանի» հետ՝ 2002/03 և 2006/07։