Երևանում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցումային 4-րդ օրն է։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը։
Մեր հավաքականի 3 հզոր բռնցքամարտիկները` Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակով են սկսել իրենց մրցելույթները։ 63.5 կգ քաշային կարգում հաղթանակ տոնել են Հովհաննես Բաչկովը, Չեխիայից Պետր Նովակը, Հունգարիայից Ռիչարդ Կովաչը, Իսրայելից Ահմադ Շթիվին, Ուկրաինայից Յարոսլավ Խարցիզը, Իսպանիայից Ադրիան Թիամ Կրեուսը, Ֆրանսիայից Լունես Համրաուին և Շոտլանդիայից Ռիս Լինչը։
67 կգ քաշային կարգում մեր մարզիկներից հաղթանակ է գրանցել Գուրգեն Մադոյանը, որը 2-րդ ռաունդում 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցացկին: Նույն քաշային կարգում հաղթել են նաև Վրաստանից Լաշա Գուրուլին, Ուելսից Յոան Քրոֆթը, Գերմանիայից Դանիել Կրոտերը, Լեհաստանից Դամիան Դուրկաշը, Մոլդովայից Ալեքսանդրու Պարաշիվը, Շոտլանդիայից Թայլեր Ջոլին և Սերբիայից Վախիդ Աբասովը։
Գերծանր (+92) քաշային կարգում հաղթանակ է տոնել Դավիթ Չալոյանը։ Բացի Դավիթից, հաջողության են հասել նաև Այուբ Գադֆա Դրիսսի Էլ Այսաուն՝ Իսպանիայից, Օմար Մուհամեդ Շիհան՝ Գերմանիայից, Բերաթ Ասարը՝ Թուրքիայից, Դելիշուս Օրայը՝ Անգլիայից, Ահմեդ Հագագը՝ Ավստրիայից, Նիկոլոզ Բեգաձեն՝ Վրաստանից և Նելվի Ռաման Հեսս Տիաֆաքը՝ Գերմանիայից։ Այսօրվա 2-րդ մրցահերթում 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը կմրցի սլովակ Դավիդ Միխալեկի դեմ։