«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան դեռևս մնում է անորոշ: Իտալական Calciomercato պարբերականի փոխանցմամբ՝ Ա Սերիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» կապ է հաստատել 33-ամյա հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա հնարավոր տեղափոխությունը:
Աղբյուրը հավելում է, որ «ներաձուրիները» փորձում են օգտվել «Ռոմայի» ղեկավարության դանդաղկոտությունից, որոնք դեռևս չեն կարողանում վերջնական համաձայնության գալ Հենրիխի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Ավելի վաղ հեղինակավոր լրագրող Ալֆրեդո Պեդուլան հայտնել էր, որ Մխիթարյանի մեծ երկրպագուն է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, որը հայ ֆուտբոլիստին համարում է միլանյան թիմի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին իդեալական փոխարինող:
Պեդուլան նաև նշել էր, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագին ցանկանում են ձեռք բերել «Ասթոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նապոլին»:
Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: