Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախորդ օրը քննարկել են թիմի ամառային տրանսֆերները, հաղորդում է իսպանական Marca-ն։
Անչելոտին ցանկանում է պաշտպանության եւ կիսապաշտպանության համալրում, ինչը հնարավոր կլինի բրազիլացի պաշտպան Մարսելոյի եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հեռանալուց հետո։ «Ռեալը» մտադիր է ամռանը բաժանվել նրանցից։ Վաճառքի կհանվի նաեւ իսպանացի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը։ Չի բացառվում նաեւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյի վաճառքը։ Այս 4 խաղացողի հեռանալուց հետո «Ռեալի» ղեկավարությունը կծախսի մինչեւ 100 միլիոն եվրո։
Գլխավոր թիմի մարզումներին արդեն մասնակցում են «Ռեալի» ակումբային ակադեմիայի սաներ Անտոնիո Բլանկոն, Ռաֆա Մարինը, Բրունո Իգլեսիասը, Ալեքս Խիմենեսը եւ Մարվելը։ Նրանք հաջորդ մրցաշրջանում կարող են համալրել հիմնական կազմը։
Հարձակման գիծը կհամալրի ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հուլիսին անվճար կմիանա Արքայական ակումբին։