Սպորտ

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում ենք նրանցից լավ արդյունք պահանջել. Գևորգ Ալեքսանյան

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում ենք նրանցից լավ արդյունք պահանջել. Գևորգ Ալեքսանյան

Հունահառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մարզիկներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեցին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:  

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը խոսել է այն խնդիրներից, որոնց պարբերաբար առնչվում են:

Թիմը Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել, որտեղ չորս մեդալ է նվաճել, իսկ թե ինչ դժվարությունների միջով է անցել, պարզաբանել է մարզիչը:

«Հույս ունեմ մենք էլ կկարողանանք հետագայում մեր մարզիկներին այնպես հանել գորգ, ինչպես անում են շատ երկրների ներկայացուցիչներ:

Մեր բյուջեն է քիչ, միշտ գումարը չի բավականացնում ավելի լավ պատրաստվել: Եղածով ենք կռիվ տալիս այն թիմերի դեմ, որոնք ամեն ինչ ունեն, այդ թվում՝ մի քանի բժիշկ ու մերսողներ: Մերսողն ու բժիշկը մեզ հետ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում, մրցումների առանց նրանց ենք մեկնում:

Մեզ մոտ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել մրցավարության հարցը լուծելու համար: Հավասար մարզիկների պայքարում մրցավարների միջամտության արդյունքում մեդալներից ենք զրկվում: Արդեն չորրորդ ամիսն է երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին վիտամիններ ու նոր հագուստ չեն տվել, հնով են ելույթ ունենում:

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում էլ ենք նրանցից ավելի լավ արդյունք պահանջել:

Այս հարցերը 15 օր առաջ բարձրաձայնել ենք ԿԳՄՍ-ում ու խոսել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հետ: Սպասում ենք պատասխանի:  

Գևորգ Ղարիբյանը մեկ ձեռքով էր ԵԱ-ում գոտեմարտում, բայց չկարողացանք նրան լավ վիճակի հասցնել, որ լիարժեք մասնակցի: Անձնական գումարներով է բուժումը ստացել: Այնքան խնդիրներ ունենք, որ չենք կարողանում ավելի լավ մասնակցել»:

68 մարզիկով է անցնում Հայաստանի առաջնյությունը, այդ քանակից ենք թիմ հավաքում, բայց մրցակցում ենք ուժեղ ընտրանիների հետ ու թիմային պայքարում 5-րդ տեղը գրավում: Մեր հնարավորություններն անհամեմատելի են նրանց կողքին:

Ըմբշամարտը մեր երկրում առաջնակարգ մարզաձեւ է, բայց յուրահատուկ վերաբերմունքի կարիք ունի, որ կարողանա իր մակարդակը պահել:

Օլիմպիական խաղերում երեք մեդալ ենք նվաճել, երբ բարձրաձայնեցինք խնդիրների մասին, մասնավորապես վատ մրցավարության, մեր սպորտային ղեկավարությունը դրա հետևից չգնաց: Ի՞նչ քայլեր գործադրեցին, այ սա է անտարբերությունը:

Մենք կռվում ենք մեր երկրի համար, իսկ երբ իրենք պետք է կռվեն մեզ համար, ոչ մի քայլ չեն անում: Իսկ Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական