Սպորտ

Բուդապեշտում հունահռոմեական ոճի հայ ըմբիշների հաջող մեկնարկը

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաջող են մեկնարկել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Նրանցից երկուսը հերթական գոտեմարտերում հանդիպելու են Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Իսկական հաղթարշավ է ձեռնարկել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Նոր քաշային կարգում ներկայացած 23-ամյա մարզիկը երկու րոպեից էլ պակաս ժամանակում  հաղթեց լիտվացի Կազիմերաս Սինկյավիչյուսին (9:0), ապա վստահորեն գերազանցեց սլովակ Դենիս Խորվատին (5։1)։

Քառորդ եզրափակիչում Ամոյանը կհանդիպի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։
Ամոյանն աշխարհի անցյալ տարվա չեմպիոնն ու Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիրն է մինչև 72 կգ քաշային կարգում։

Կիսաեզրափակիչում պայքարը կշարունակի նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը վստահորեն հաղթելով լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսին (9:0)՝ պատրաստվում է ադրբեջանցի Տալեխ Մամեդովի հետ գոտեմարտին։

Իսկ ահա գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկում լեհ Ռաֆալ Անջեյ Կրաևսկուն հաղթելուց հետո պարտվել է Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Բեկա Կանդելակիին, որն անցել է կիսաեզրափակիչ։