Սպորտ

Մխիթարյանը հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է, և ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը. Կապառոս

Մխիթարյանը հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է, և ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը. Կապառոս

Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 23-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։

Ստյոպա Մկրտչյանը նշել է՝ շատ ուրախ է, որ հրավիրվել է ազգային հավաքական:

«Դա մանկուց իմ երազանքն է եղել, երբ դեռ նոր էի հաճախում ֆուտբոլի: Սա իմ կյանքի ամենամեծ նպատակներից է եղել՝ խաղալ ու հետո ամրապնդվել հավաքականում, դառնալ կարևոր ֆուտբոլիստ, ու ես գնում եմ դեպի իմ նպատակը: Շատ շնորհակալ եմ, որ վստահել են ինձ:

Դիտել ենք Չեռնոգորիայի հավաքականի մասնակցությամբ խաղերը, գիտենք, որ շատ լավ հավաքական է, շատ ուժեղ թիմ է: Գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը, կփորձենք վաղն օգտագործել դա, որպեսզի հաղթենք»,- նշել է ֆուտբոլիստը: 

Ապա հանդիպմանն է անդրադարձել գլխավոր մարզիչը:

«Երբ մենք ընտրում էինք մրցակիցներին, հաշվի առանք այն, որ այս հավաքականներն իրենց խաղաոճով շատ նման են մեր մրցակիցներին, որոնց կհանդիպենք հունիսին: Մենք պետք է կարողանանք մրցակցել այդպիսի թիմերի դեմ, որոնք, առաջին հերթին, աչքի են ընկնում շատ ուժեղ ֆիզիկական պատրաստվածությամբ: Այդ թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում, և այս 2 ընկերական հանդիպումներում մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Նաև ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին, որովհետև այլ հնարավորություններ շատ չունենք»,- նշել է Կապառոսը:

Անդրադառնալով առանձին ֆուտբոլիստների վերաբերյալ հարցերին՝ Կապառոսը նշել է, որ Հարոյանը լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առջև շատ մեծ պահանջներ են դրվում, ֆուտբոլիստը պարզապես չի կարող թուլանալ: Այնպես որ նա ներկայացել է հավաքական լավ մարզավիճակով: Հարոյանը մոտիվացված է և լավ է մարզվում: 

Ինչ վերաբերում է Արթուր Սերոբյանին, Կապառոսն ասել է, որ նա հրավիրվել է հավաքական՝ շնորհիվ իր տաղանդի, ինչպես և Ստյոպա Մկրտչյանը:

«Իրականում՝ տարիքը հաշվի չենք առնում, որովհետև եթե ֆուտբոլիստը պատաստ է, նրան հրավիրում ես: Այդ ֆուտբոլիստները պետք է ադապտացվեն այսքան բարձր մակարդակի հանդիպումներին և պահանջներին: Դա մեզ համար շատ նպաստավոր է, քանի որ բացի նրանից, որ երիտասարդ ֆուտբոլիստների ենք ընդգրկում հավաքականի կազմում, դա նաև խթան է ավելի փորձառու ֆուտբոլիստների համար, որ ավելի զգոն լինեն: Եվ, բնականաբար, մենք տաղանդավոր ֆուտբոլիստների կարիք ունենք»,- ասել է մարզիչը: 

Ապա Կապառոսը պատասխանել է Մխիթարյանի՝ կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին: 

«Սա Հենոյի անձնական որոշումն է: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը և հասկանում ենք, թե նա ինչ նշանակություն է ունեցել ազգային հավաքականի համար: Հենոն իր տունն ունի, և դա ֆուտբոլի  ֆեդերացիան է: Նման իրավիճակներ շատ եմ տեսել իմ երկրում, Իսպանիայի հավաքականի պարագայում, որտեղ աշխարհի բազմաթիվ  չեմպիոններ էին հանդես գալիս՝ Պույոլը, Ինյեստան, Չավին: Եկավ մի պահ, երբ այս բոլոր ֆուտբոլիստները պետք է որոշում կայացնեին և հեռանային ազգային հավաքականից:

Բնականաբար, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է, և ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը: Ի՞նչ ենք անելու առանց Հենոյի: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի հանդիպումներ անցկացնելու: Ամենակարևորն այս պարագայում այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով»,- ասել է մարզիչը՝ հավելելով, որ ավագի պարտականությունները հավաքականում կարող է կատարել Վարազդատ Հարոյանը, Գևորգ Ղազարյանը կամ Արտակ Գրիգորյանը:

«Գոհ եմ, որ շատ երիտասարդ ֆուտբոլիստների ենք ներգրավում հավաքականի կազմում՝ չմոռանալով նաև վետերաններին: Սա է կյանքը: Մեր նպատակն է նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին, որ հետագայում նրանք մրցունակ լինեն միջազգային ասպարեզում»,- ասել է Կապառոսը:

Գլխավոր մարզիչը նշել է, որ Ադամյանի և Սելարայանի՝ վնասվածքը ձևացնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

«Երկուսն էլ շատ մեծ ցանկություն ունեին գալու ազգային հավաքական: Նրանց ակումբներից արդեն ստացել ենք համապատասխան վկայությունները, որ իրոք վնասվածք ունեն: Նրանց հետ էլ ենք զրուցել, նրանց բժիշկների հետ էլ: Ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ վերականգնվեն: Շատ կուզեի, որ արդեն մյուս մրցափուլում սկսեին խաղալ: Դուք բոլորդ ճանաչում եք Սարգիս Ադամյանին, նա շատ նվիրված է ազգային հավաքականին և շատ ջերմ հարաբերություններ ունի թիմակիցների հետ: Լուկասը ևս նվիրված է և շատ մեծ ցանկություն և խանդավառութուն ունի հետագայում խաղալու հավաքականի կազմում»,- ասել է Կապառոսը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական