Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր խորին ցավակցությունն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի կապակցությամբ։ «Ես իմ համերաշխությունն եմ հղում Ուկրաինայի ժողովրդին», - գրել է 81-ամյա մարզիկը Twitter-ում հինգշաբթի երեկոյան: «Ես աղոթում եմ և խնդրում Աստծուն, որ խաղաղություն, ազատություն և սեր տիրի»:
NBA-ի բասկետբոլիստները ևս աջակցում են ուկրաինացիներին
Ուկրաինային համերաշխություն են հայտնել նաև ամերիկյան «Սակրամենտո Քինգս» և «Դենվեր Նագեթս» բասկետբոլային ակումբների խաղացողները. NBA-ում խաղի մեկնարկից առաջ նրանք մեկ րոպե լռությամբ սեղմել են միմյանց ձեռքերը։ Միևնույն ժամանակ, ստադիոնի էլեկտրոնային ցուցատախտակի վրա ուկրաիներեն և անգլերեն լեզուներով ցուցադրվել է «Ոչ պատերազմին» գրությունը։
Բասկետբոլի հյուսիսամերիկյան պրոֆեսիոնալ լիգայի՝ NBPA-ի խաղացողների միությունը նույնպես հանդես է եկել ուկրաինացիների աջակցությամբ։ «Այս դժվարին պահին մեր մտքերն ու աղոթքները կապված են բոլոր այն մարդկանց հետ, ովքեր տուժել են Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, հատկապես՝ մեր ուկրաինացի խաղացողներ Ալեքս Լենի, Սվյատոսլավ Միխայլյուկի և նրանց ընտանիքների հետ», - ասվում է NBPA-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկի մասին՝ այն անվանելով «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում», որի նպատակն է «պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են ցեղասպանության»։ Ցեղասպանության մասին Պուտինի պնդումները նախկինում հերքվել են թե՛ Եվրամիության, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Արևմտյան գործիչները Ռուսաստանի նախագահին մեղադրել են ստելու մեջ։