Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու մասին։ Ինչպես նախատեսված էր հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։
Ի սկզբանե՝ Սանկտ Պետերբուրգը պետք է ընդուներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2021 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն վերադասավորումներ կատարեց, ինչի արդյունքում ռուսական քաղաքը պետք է անցկացներ հաջորդ մրցաշրջանում գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարի վճռորոշ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այդ կապակցությամբ Ուկրաինայում մտցվել է ռազմական դրություն, և ֆուտբոլի ազգային առաջնությունը ստիպված դադարեցվել է։