Ինչպես հաղորդել է անգլիական Daily Mail պարբերականը, ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի վտանգի ֆոնին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու պլաններ չկան:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունն ու սուվերենությունը ճանաչելու հրամանագիր է ստորագրել: Այս իրադարձություններից հետո երկրների միջև կոնֆլիկտն ավելի է սրվել: Այս փաստով պայմանավորված՝ մի շարք միջազգային պարբերականներ սկսել էին շրջանառել տեղեկատվություն, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին ՈՒԵՖԱ-ին այլ տարբերակ չի մնում, քան եզրափակչի վայրը փոխելը: Հավանական անցկացման վայրերի թվում նշվում էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը:
ՈՒԵՖԱ-ն, անդրադառնալով տարածվող լուրերին, հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է. «ՈՒԵՖԱ-ն մշտապես համակ ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Ներկա պահին հանդիպման վայրը փոխելու պլաններ չկան»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել է Պորտու՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։