Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Կրիշտիանու Ռոնալդուն արդեն այս ամառ կարող է լքել Manchester United-ը, քանի որ չի ցանկանում կարիերայի մնացած հատվածն անցկացնել մրցանակներ չնվաճող թիմում, հաղորդում է բրիտանական "The Sun" պարբերականը։ 

Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Պարի Սեն-Ժերմենը», «Բավարիան» և, նույնիսկ, «Ռոման», որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուի հետ պորտուգալացի ֆուտբոլիստը երկար տարիներ աշխատել է Մադրիդի «Ռեալում»։ Ենթադրվում է, որ Ռոնալդուն «Յունայթեդում» մնալու ցանկություն կհայտնի միայն այն դեպքում, երբ նրա ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։

Փորձագետները նշում են, որ հավանական տարբերակ է 37-ամյա Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ, որն ավելի իրատեսական կդառնա, եթե Կիլիան Մբապեն այս ամառ միանա «Ռեալին»։ Շատերի կարծիքով՝ դա երկարատև մի հետաքրքիր մրցակցության արժանի հանգուցալուծում կլինի, քանի որ Մեսին և Ռոնալդուն վերջապես կդառնան ակումբակիցներ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ակումբի 28 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Այս պահին Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։