Տեսակետ

«Նոր խա՞ղ» ուկրաինական պատերազմում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մարտի 31-ին ՌԴ ԱԳՆ–ն տարածել է հայտարարություն, որ Ուկրաինայի իշխանությունից պահանջում է ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Մալյուկին, այն հիմքով, որ, ըստ Ռուսաստանի, նա կապ ունի Կրոկուսի ահաբեկության հետ:
Այստեղ կա ուշագրավ «խորհրդանշականություն»․ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը տարածվում է կիրակի օրը: Այդքան շտա՞պ էր, չէի՞ն կարող համբերել երկուշաբթի կամ անել մեկ օր առաջ:

Թերևս կարող էին, բայց ամսաթիվը, ըստ ամենայնի, խնդրո առարկայի էության բուն ազդակն է: Պարզ է, չէ՞, որ, ողջախոհության բոլոր կանխավարկածները անտեսելու դեպքում անգամ բարդ է պատկերացնել, թե ռուսները մտածում են, որ Կիևը կատարելու էր պահանջը: 

2024 թվականի մարտի 31-ին Ուկրաինայում պետք է լիներ նախագահի հերթական ընտրությունը: Բայց Զելենսկին հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ընտրությունը չեղարկում է: Ուշադրության է արժանի, որ նրա այդ քայլը առանձնապես ողջույնի չի արժանացրել Արևմուտքը, իսկ Ուկրաինայի ներսում մի շարք գործիչներ, ընդհուպ՝ Կիևի քաղաքապետ Կլիչկոն, քննադատել են այն և ընտրության չեղարկումից հետո Զելենսկուն բնութագրել գրեթե որպես դիկտատոր:

Թե ինչու է ընտրությունից խուսափում Զելենսկին, դա առանձին հարց է: Ըստ իս, ընտրվելու վստահություն ունենալու պարագայում նա կգնար ընտրության: Պատերազմը ընդամենը ընտրությունը չեղարկելու առիթն է, ոչ թե պատճառ:

Բայց, կա հավանականություն, որ ընտրությունը չեղարկելով՝ Զելենսկին ոչ թե լուծում է իր խնդիրները, այլ գուցե մտնում ավելի բարդ մի փուլ, հատկապես, արևմտյան անհրաժեշտ օգնության փաստացի բացակայության պարագայում:

Ահա այս իրողություններում է «խորհրդանշականությունը» այն փաստի, որ ռուսները հենց մարտի 31-ին են տարածում հայտարարությունն ու ներկայացնում պահանջ Ուկրաինայի իշխանությանը՝ ասելով, թե ձերբակալեք միջազգային ահաբեկության հետ կապ ունեցողներին: Հակառակ դեպքում ստացվում է, որ չձերբակալելը նշանակելու է հենց Ուկրաինայի իշխանության, ոչ թե առանձին պաշտոնյաների կապ: Սա, իհարկե, ես ռուսների քայլի տրամաբանության դիտարկմամբ եմ ասում:

Այդպիսով, ըստ իս, Ռուսաստանը «ձևավորում» է Ուկրաինայի նոր իշխանության «ոչ լեգիտիմության» վրա կառուցվող խաղ՝ համեմելով այն միջազգային ահաբեկության «սուսով»:
Բնական է, որ այդ խաղը Արևմուտքը չի ընդունելու, այսպես ասած, հալած յուղի տեղ, բայց, կրկնեմ, ուշադրության է արժանի այն, որ արևմտյան գործընկերները ամուր աջակցություն չեն արտահայտել նախագահի ընտրությունը չեղարկելու՝ Զելենսկու որոշմանը: Այո, չեն քննադատել, բայց չի եղել ամուր և համոզիչ աջակցություն: Ավելին, մարտի 20-ին Կիև էր այցելել Բայդենի խորհրդական Սալիվանը, որն այնտեղ արել էր բավականին բազմիմաստ հայտարարություններ:

«Նոր տրամաբանությունը», որ ներմուծում է Ռուսաստանը ուկրաինական կոնֆլիկտ՝ Ուկրաինայի պաշտոնյաներին կարգելով «լեգիտիմ թիրախ», ձեռնտու է նաև Արեւմուտքին՝ որպես Կիևի հանդեպ լծակ: Թե ինչ նպատակով կօգտագործեն այդ լծակները, հարցի մյուս կողմն է, որովհետև Կիևի հանդեպ արևմտյան նպատակները մոնոլիտ չեն, տարբեր դերակատարներ ունեն տարբեր նպատակներ»: