Տեսակետ

Չորս օր Ադրբեջանն սպասել է Շահրամանյանի հրամանագրի՞ն

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«La Figaroe-ին հարցազրույցում Սամվել Շահրամանյանն ասում է, որ Բաքվից թուղթ էր ստացվել, որ պահանջում էր հրաժարվել իրավունքներից, ինքնիշխանությունից և խորհրդանշաններից, բայց քանի որ դա պետք է քվեարկվեր Ազգային ժողովում, ինքը նպատակահարմար է գտել, որ հրամանագրով ԼՂՀ-ն լուծարի, քանի որ գիտեր՝ դա անօրինական, հակասահմանադրական էր: 

Ստացվում է, որ նա մտավախություն է ունեցել, որ Ազգային ժողովն այդ թղթի օգտին չի քվեարկի: Բայց չէ՞ որ ինքը նախագահ էր ընտրվել այդ Ազգային ժողովի կողմից, նրան հաշվետու էր՝ մեկ: Երկրորդ, իսկ Ադրբեջանը չհասկացա՞վ այդ մանր խորամանկությունը: Երրորդ, Արցախից բռնագաղթն սկսվել է սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր Շահրամանյանն ստորագրել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 28-ին:

Չորս օր Ադրբեջանն սպասել է Շահրամանյանի հրամանագրի՞ն, թե՞ այն ստորագրվել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարության հետ միասին: Եթե մի բան ասվում է, մյուսը չի կարելի «մոռանալ»: Ինքնին-առանձին վերցրած իրադարձություն չի լինում, ամեն ինչ նույն շղթայի առանձին օղակն է»: