Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի թշնամին Ադրբեջա՞նն է: Այո: Ե՞րբ է Իլհամ Ալիևը ասել. «Մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունենք, քան՝ Հայաստանը»: Միշտ այդպես է եղել՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով էր իշխանություն: Մոսկվան ոչ մի մեղք դրանում չունի: Վլադիմիր Պուտինը հայ ուտոպիստների համար պատասխանատու չէ, որ իրենց և ժողովրդին ներշնչել էին, թե «ռուսը մեր ձեռքով Ադրբեջանի վերջը տալու է»: Պուտինը մեղավոր չէ, որ ոմանք այսօր էլ Հայաստանի ապագան բացառապես Կրեմլի հայամետության և ՀԱՊԿ-ի հետ են կապում: Նույնկերպ, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Եվրամիությունը ոչ մի պատասխանատվություն չեն կրում հայ որոշ գործիչների «անպատճառ արևմտամետության» և «թող կործանվի ռուս-թուրքական հրեշավոր տանդեմը» ցնդաբանությունների համար:
Խնդիրը մեկն է. ո՞վ է հայ-ադրբեջանական պայմանագրի օրինական հիմքերի աջակից, ով՝ ոչ: Մի երկիր, որ հետխորհրդային Վրաստանի եւ Ուկրաինայի, մասնակիորեն նաև՝ Մոլդովայի, միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժի կիրառմամբ փոխել է և ձգտում է անեքսիան օրինականացնել, ինչպե՞ս կարող է Ադրբեջանին մերժել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի հետ սահման ստեղծելու հարցում: Այստեղ սիրել-չսիրելու, ռուսամետ կամ ռուսաֆոբ լինելու թեմա չկա: Հայաստանը պետք է բոլոր հնարավորությունները գործի դնի, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և նրա նկատմամբ ինքնիշխանությունը պահպանի: Թե ինչու է այսպես ստացվել, այլ հարց է: Այս փուլում կարևոր է կանխել, որ «այնպես չստացվի»: