Տեսակետ

Սերբիայի նախագահ Վուչիչը բավականին «խորհրդավոր» գրառում է արել. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սերբիայի նախագահ Վուչիչը բավականին «խորհրդավոր» գրառում է արել ինստագրամյան իր էջում: Վուչիչը հայտարարել է, թե վերջին 48 ժամում ստացել է ծանր տեղեկություններ, որոնք վերաբերում են Սերբիայի կենսական շահերին: Նա զգուշացրել է, որ սպասվում են աննախադեպ ծանր օրեր, բայց իրենք կպայքարեն ու Սերբիան կհաղթի:
Ի՛նչ է սպասվում բալկաններում:

Մի քանի օր առաջ՝ մարտի 23-ին, Տելեգրամի իմ ալիքում անդրադարձել էի Մոսկվայում ահաբեկության առիթով Սերբիայի նախագահի արձագանքին և դրա առանձնահատկությանը՝ նկատելով, որ դա խոսում է Սերբիայի շուրջ արտառոց իրավիճակի մասին: Ստորև տեղադրում եմ մարտի 23-ին իմ տելեգրամյան ալիքում հրապարակածս մեկնաբանությունը.

«Կան առաջին հայացքից «ուղեկցող դետալ» թվացող հանգամանքներ, որոնք գործնականում գուցե շատ ավելի բան են խոսում առկա իրավիճակի մասին:
Մասնավորապես, մի հատկանշական հանգամանք` Սերբիայի նախագահ Վուչիչի արձագանքը Մերձմոսկովյան ահաբեկությանը: Վուչիչը, հիշատակելով ԱՄՆ և այլ արևմտյան դեսպանատների մարտիության հաղորդագրությունները ահաբեկության ռիսկի մասին, հայտարարել է, որ դա նշանակում է՝ այդ երկրների հատուկ ծառայությունները ունեցել են տեղեկություններ, տիրապետել են խոսակցությունների, իմացել են, որ ինչ-որ բան լինելու է:

Առաջին հայացքից սա ընդամենը մի տրամաբանական եզրահանգում է, որ ահաբեկության առնչությամբ անում է մեզանից յուրաքանչյուրը: 
Բայց մեզանից յուրաքանչյուրի այդօրինակ հարցադրումը մի բան է, պետության, միջազգային իրավունքի սուբյեկտի, Եվրոխորհրդի անդամ երկրի նախագահի մակարդակով այդպիսի արձանագրումը՝ բոլորովին այլ բան, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ինչ–որ իրավիճակի, այլ հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան հասցրած ողբերգության:
Վուչիչի այդ դիրքավորումը, ըստ էության, ավելի լայն դասավորության մաս  է, ինչի ևս մի վկայություն է այն, որ նույն Վուչիչը հայտարարել է՝ Սերբիան կարող է դուրս գալ Եվրոխորհրդից, եթե այնտեղ ընդունեն Կոսովոյին, որը դիմում է ներկայացրել ԵԽ-ին անդամակցելու համար:

Իհարկե, Սերբիայի ներքին իրավիճակը նոր չէ, որ ճոճվում է, և, զուգահեռ, նաև մի քանի ճոճ եղել է Կոսովոյի հյուսիսում՝ սերբական բնակության գոտում: Բայց, կրկնեմ, մարդկային ողբերգության համար պատասխանատվության շեշտադրումների առումով Սերբիայի նախագահի այդ արագ և բավականին հստակ դիրքավորումը կարող է հուշել այն մասին, որ ահաբեկության ֆոնին Վուչիչը փաստացի հայտնում է ռազմա-քաղաքական հնարավոր նոր բաժանարար «առաջնագծում» կանգնելու հանձնառություն կամ պատրաստակամություն:

Այդպիսի դիրքավորում արտահայտում են կամ այն պարագայում, երբ այսպես, թե այնպես անխուսափելի է, և հարցն արդեն զուտ անձնական հանձնառություն վերցնել-չվերցնելն է, կամ անխուսափելի են անհատական դաշտում ռիսկերը, և այդօրինակ քաղաքական հայտերը արվում են իրավիճակը սրելու միջոցով փոխելու ակնկալիքով»: