Տեսակետ

Միայն ստվերի ապահովման համար նպատակահարմար չէր պահել այդ ծառերը. Ալիկ Բադալյան

Ալիկ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես մասնագիտական որակավորում եմ ստանալու որպես անտառագետ և կանաչապատման մասնագետ՝ մի քանի ամսից ավարտելով բակալավրիատը: Հետևելով Երևանում ընթացող՝ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքների արձագանքներին և ոչ մասնագետների մասնագիտական գնահատականներին՝ որոշեցի, որպես ապագա մասնագետ, իմ կարծիքը արտահայտել:

Հատվել են թեղի տեսակի ծառեր, որոնք իրենց բնափայտի վրա ունեցել են, խութեր, քաղցկեղ, վնասատուներ, վերջիններս, իրենց հերթին, վնասում էին տերևները: Նման խնդիրների ուղեկցման պայմաններում ծառը չէր կարող կենսագործել, և միայն ստվերի ապահովման համար նպատակահարմար չէր պահել այդ ծառերը: Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ գործառույթներ է կատարում ծառը, հարկավոր է նախ ծանոթանալ նրա ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածքին: Ամառվա սկզբից արդեն այդ ծառերի տերևները վնասված են, քլորոֆիլազրկված, ուստի չեն կատարում լիարժեք ֆոտոսինթեզ և չեն արտանետում թթվածին, անգամ ստվեր լիարժեք ապահովել չեն կարող, և եթե որոշ դեպքերում անգամ վնասված չէ բնափայտը, ապա սաղարթը ցանցառ է միակողմանի ծռմռված, որը հարիր չէ մայրաքաղաքին, քանի որ քաղաքին հաղորդում է փնթի, անխնամ տեսք: Բոլոր քաղաքներում էլ իրականցվում է ծառերի սերնդափոխություն, և դա տարօրինակ չէ, այլ ընդունված կարգ: 

Հատված ծառերից շատերի մեջ փուչ էր․ ծառեր կային, որոնց մեջ փուչ չէր, և որոշ «մասնագետներ» դա ներկայացնում էին որպես առողջ ծառեր, բայց նման դատողություններ անելուց առաջ հարկավոր էր ստանալ մասնագիտական կրթություն, և նկատելի կլիներ, որ առկա բնափայտը ունի արատներ, օրինակ՝ կեղծ բնամիջուկ, որտեղ կարող էին առաջանալ սնկային փտեցնող հիվանդություններ, և ծառը սկսելու էր փտել:

Շատերին հուզում էր, թե ինչու հնարավոր չէր դա կատարել քիչ-քիչ, նույնիսկ որոշ «մասնագետներ» կարծիք հայտնեցին, որ հարկավոր է մեկումեջ ծառերը կտրելով կատարել տնկումը: Ինչպես արդեն ասացի, հատված թեղիները արդեն հիվանդ էին և կարող էին հիվանդությունը փոխանցել նորատունկ ծառերին:
Եվ կրկին կարևոր է ընդգծել, որ այդ որոշումները կայացվել են նեղ մասնագիտական խմբի կողմից, որտեղ աշխատում են իմ կողմից շատ հարգված մասնագետներ, որոնք մեծ ավանդ ունեն ոլորտի զարգացման գործում»: