Տեսակետ

Ինչի՞ց է առավել շահելու Հայաստան-ԵՄ գործակցությունը

Մեկնաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․  

«2017 թվականին Հայաստանն ու Եվրամիությունն ստորագրեցին ընդլայնված և համապարփակ գործակցության համաձայնագիրը: Այն, իհարկե, ավելի ցածր էր, քան ասոցացվածության համաձայնագիրը, որ բանակցվեց, սակայն չստորագրվեց 2013-ին, բայց նաև բավականին ընդգրկուն և կարևոր էր՝ հաշվի առնելով թե՛ գոյություն ունեցող, թե՛ սպասվող իրողությունները:

Ինչո՞ւ է այդ համաձայնագիրը խոսույթում մղվել երկրորդ պլան, իսկ գուցե՝ ավելի հեռու: Մինչ խորհրդատվական ինչ որ բանաձևերի մակարդակով ընդունվում են կոչեր, գոյություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման ընդգրկուն հիմք՝ իրավական ուժով: Այդ պայմանագիրն ստորագրել և վավերացրել են Հայաստանն ու ԵՄ բոլոր 28 անդամները:

Ինչի՞ց է առավել շահելու Հայաստան-ԵՄ գործակցությունը, ընդունվող խորհրդատվական հռչակագրերի՞ց, թե՞ գոյություն ունեցող իրավական փաստաթղթի քայլ առ քայլ, դինամիկ և առարկայական իրագործումից: Ինչո՞ւ է համաձայնագիրը մղվել լուսանցք և առաջին պլան են եկել պարզապես դեկլարացիաները: Որովհետև այդ համաձայնագիրը կնքվել է «նախկինների՞» ժամանակ և ձեռամբ, թե՞ որովհետև այդ համաձայնագրում կան նաև արձանագրումներ այն մասին, թե Եվրամիությունն ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Իսկ խոսքը, կրկնեմ, այն մասին է, որ այդ դիրքորոշման արտահայտումը Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրով ստացել է իրավական ուժ, այլ կերպ ասած՝ պարտավորության որոշակի աստիճան:

Մինչդեռ Եվրամիության հետագա քաղաքականությունը որևէ կերպ չի համապատասխանել այդ փաստաթղթում՝ ԵՄ իսկ վավերացրած այդ փաստաթղթում արտացոլված ուղենիշներին: Հետևաբար, առաջանում է այդ փաստաթուղթը հնարավորինս «մոռանալու», այն ինչ-որ նորանոր, բայց իրավական որևէ ուժ չենթադրող, ընդամենը խորհրդատվական թղթերով ծածկելու անհրաժեշտությո՞ւն»: