Տեսակետ

Խորհրդայինը հաղթահարելու ջանքը, կարող է մեզ դարձնել արժանի այս ճակատագրական պատմական պահին. Բայադյան

Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ոմն Գրիգորի Գաչև (փիլիսոփա, մշակութաբան կամ դրա նման մի բան) գրում է (ինչքան հասկանում եմ, 1980-ականների վերջին). «Ռուսաստանը երբեք չի իմանում իր սահմաններն ու եզրագծերը, ու թեև դրանք կարող ես տեսնել քարտեզների վրա, բայց զգայություններում՝ ոչ: Դա կապված է Արկտիկայի, Հյուսիսի հետ հարևանությանը, Սիբիրի լայնարձակ տարածություններին, անտառներին ու տայգային … և ընդհանրապես, եթե մի կողմից ռուսները զգում են հարևանի ուսը (թևը) և սահմանը, մյուս կողմից՝ չկա սահմանագիծ, և սեփական հողն ուղիղ անցնում է դեպի Տիեզերք (մի կողմ ուղղված անվերջությունը ռուսական գոյության, ոգու և տրամաբանության մոդելն է)»:

Եթե ազատենք փիլիսոփայական պաճուճանքից և հիշենք խորհրդային շրջանում տիրապետող այլասացության լեզվի մասին՝ սա կարելի է կարդալ որպես խոստովանություն ռուսաց գաղութատիրական անկառավարելի մղումների մասին (ավելի որոշակի ձևակերպված՝ այս միտքը հետագայում կլսենք ուրիշներից:) Իսկ հետխորհրդային շրջանում՝ նաև որպես ուղերձ նախկին խորհրդային երկրներին, ռուսական մեղմասացությամբ՝ մերձավոր արտասահմանին: Գուցե հիմա է ժամանակը, որ ռուսները յուրացնեն սահմաններ ունենալու (և սահմանելի լինելու) այդ անըմբռնելի միտքը:

Անցած 10-15 տարվա ընթացքում մի անգամ չէ, որ իմ հասցեին լսել եմ «ռուսաֆոբ» արտահայտությունը: Վերջին անգամ 2022-ի ամռանն էր: Ես դասախոսություն էի կարդում հիմնականում ռուս էմիգրանտներից բաղկացած լսարանի համար, երբ դահլիճից մեկն ասաց. «Նա պարզապես ռուսաֆոբ է»: Ես պատասխանեցի, որ ես ռուսաֆոբ չեմ, այլ «ռուսասկեպտիկ» և այդպիսին եմ արդեն վաղուց: Այսօր Հայաստանում հաճախ կարելի է լսել ռուսատյացությամբ տոգորված խոսք:

Կարծում եմ, որ դա, որքան էլ թվա տեղին և արդարացի, արդյունավետ չէ: Այս առումով՝ հոռետեսությունը գուցե ունի այն առավելությունը, որ տեղ է բացում խորհրդածության ու նաև ինքնաանդրադարձի համար: Այդ թվում՝ սթափ հոռետեսական հայացքի սեփական խորհրդային անցյալի նկատմամբ, թեմա, որի մասին էլի եմ գրել ու խոսել և գիտեմ, թե ինչքան վիրավորական է հնչում այդ միտքը, ասենք, Առնո Բաբաջանյանի երաժշտությանը սրտի բազում լարերով կապվածների համար:

Հայաստանում շատ են հպարտության մեծ դոզաների վարժված մարդիկ, որ պատրաստ չեն հաղթահարել այս կախվածությունը և քննադատաբար վերաբերել խորհրդահայ շրջանի փառքերին՝ ազգային սնապարծության հիմնական աղբյուրներից մեկին: Բայց կարծում եմ, որ նաև այս մտավոր աշխատանքը՝ մեր մեջ եղած խորհրդայինը հաղթահարելու ջանքը, կարող է մեզ դարձնել արժանի այս ճակատագրական պատմական պահին»: