Տեսակետ

Իշխանությունը «կադաստրի վկայականից» է խոսում, ընդդիմությունն էլ ապոկալիպտիկ քարոզչություն ծավալում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մարդ ասում է չխոսի, բայց դե չի ստացվում: Էսքան «գիտունիկ»-ներ կան թե իշխանության, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ու նրանց բազմաթիվ աջակիցների ու համակիրների և դամքաշների շարքերում: Մեկի միտքը չի զորում ասի. «Եղբայր, Հայաստանը իրավական ի՞նչ հիմքով է անկախ պետություն ճանաչվել և անդամակցել ՄԱԿ-ին»: 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքավեի, չէ՞: Էդ հանրաքվեին Լեռնային Ղարաբաղում էդ պահի դրությամբ բնակվող, ընտրելու իրավունք ունեցող մարդիկ չեն մասնակցել, չէ՞: Հայաստանը անկախ է հռչակել էդ հանրաքվեին մասնակցած և «այո» քվեարկած հայաստանաբնակ ՔԱՂԱՔԱՑԻՆ:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի ժողովրդի անունից ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակել է միայն անկախ պետականության վերականգնման գործընթացի սկիզբը: ՀՀ-ն անկախ է ոչ թե այդ օրվանից, այլ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ից: ՀՀ-ն բոլոր պետությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին, առանց Լեռնային Ղարաբաղի: Առանց Լեռնային Ղարաբաղի էլ ստորագրել է ԱՊՀ կազմավորման պայմանագիրը և Ալմաթիի Հռչակագիրը: Եթե այդպես չէ, ինչու՞ ՀՀ ԳԽ-ն այդ պայմանագիրը վավերացրել է վերապահումով, որ ԱՊՀ-ին կարող են անդամակցել նաև նախկին ԽՍՀՄ ինքնավարությունները: Հայաստանի սիրտը Հարավային Օսեթիայի, Աբխազիայի համա՞ր էր ցավում: Ոչ, իհարկե:

Հայաստանը փորձում էր հնարավորությունն օգտագործել, որպեսզի անկախություն հռչակած ԼՂ-ն էլ ԱՊՀ-ում որոշակի սուբյեկտություն ունենա: Թե ինչու՞ ԼՂՀ ղեկավարությունն էդ «ճեղքը» չօգտագործեց, չդիմեց ԱՊՀ -ին՝ այլ թեմա է: Բայց իրականությունը, իրավա-քաղաքական իրողությունը մեկն է. ՀՀ անկախությունը հռչակվել և ճանաչվել է ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքում: Փոխանակ սա ներկայացվի Ադրբեջանի հավակնություններին հակափաստարկ՝ իշխանությունը «կադաստրի վկայականից» է խոսում, ընդդիմությունն էլ ապոկալիպտիկ քարոզչություն է ծավալել, թե՝ «հասեք՝ Հայաստանի անկախությունը փրկենք»: Երկուսն էլ փաստացի նպաստում են, որ Բաքուն ավելի կոշտացնի տոնը»: