Տեսակետ

«Մակրոնը «տրոլլինգ» արեց ՆԱՏՕ անդամներին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«2022 թվականի հուլիսից ի վեր չի եղել Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպում: Եվ ահա, Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը թուրք բանագնաց Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբինյանին առաջարկում է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում:

Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Նախ, Թուրքիան մշտապես ձգտել և ձգտում է հայ-թուրքական շփումները առավելագույնս կտրել «երրորդ կողմերից»: Հաշվարկը պարզ է՝ մնալով «դեմ առ դեմ», Թուրքիան բնականաբար հեշտությամբ կիրացնի քաշային կատեգորիաների մեջ եղած ահռելի տարբերությունը:

Մյուս հանգամանքը այն է, որ Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպումների ավելի քան մեկուկեսամյա դադարից հետո այժմ առաջարկում է «վերսկսել» դրանք, նպատակ ունենալով «մրցակցային գիծ» բացել Ֆրանսիայի աշխուժության հանդեպ: Այստեղ սակայն, ըստ իս, առանցքայինն այն է, որ Անկարան թերևս ունի կասկածներ, որ Ֆրանսիայի ակտիվությունն այդուհանդերձ աջակցություն ունի Ռուսաստանի իշխող համակարգի որևէ ազդեցիկ գրասենյակում:

Եվ բանն այստեղ միայն Կովկասը չէ: Ինչպես օրեր առաջ էի ուշադրության արժանացրել, դիտարժան է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա արևմտյան զորքի մուտք չբացառելու մասին: Այդ հայտարարությամբ փաստորեն Մակրոնը «ստիպեց» մյուս բոլոր դերակատարներին փութաջան հայտարարել, թե չի կարելի թույլ տալ այդպիսի բան:

Եթե այսպես ասած «ժամանակակից» բառապաշարով ասենք, Մակրոնը «տրոլլինգ» արեց ՆԱՏՕ անդամներին, ու թերևս հռետորական հարց է առաջանում, ու՞մ կարող էր դա լինել օգտակար:

Հասկանում եմ, որ քաղաքական «ուղղագծության» «վարժեցված» մեր հանրության համար կան հստակ գծված սխեմաներ ու ճամբարներ: Դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և դրան հաջորդած նաև մի քանի այլ զարգացումից հետո եմ սկսել պարբերաբար գրել ու խոսել, որ մենք պետք է դուրս գանք աշխարհի այդ ընկալումից և ինքներս մեզ դիլեմաների ենթարկելուց, որովհետև մեր շանսը կարող է լինել միայն գլխի 360 աստիճան անկանգ պտույտի վարժվելու և գլխապտույտի չենթարկվելու կարողությունը»: