Տեսակետ

Ճակատագրական է եղել, որ արտաքին փակուղին բերվել և վերածվել է ներքին խորը փակուղու. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախյան հակամարտոության բանակցությունը փակուղի տանողը չի եղել Փաշինյանը: Այդ բանակցությունը փակուղի է գնացել, որովհետև փակուղի են գնացել հակամարտության կարգավորման գործընթացը կառավարող ուժային կենտրոնների փոխհարաբերությունները: 
Եվ այդ փակուղին ձևավորվել է մինչև Փաշինյանի իշխանության գալը: 

Սա բոլորովին ի պաշտպանություն Փաշինյանի չէ: Պարզապես, մենք պետք է «ընտրենք», թե ինչն է դրվում Փաշինյանի պատասխանատվության, մեղավորության շեշտադրման հիմքում՝ խնդրի առերևույթ առավել ուժեղ քարոզչական կո՞ղմը, որը հենց փակուղու և բանակցության տապալման համար մեղադրանքն է, թե՞ խնդրի խորքային և բովանդակային առումով առավել կարևոր, էական և, միաժամանակ, պատասխանատու կողմը՝ Փաշինյանի տապալումը այդ առաջացած փակուղուն համարժեք ներհասարակական, ներպետական հարաբերություններ ու միջավայր ձեւավորելու գործում, ինչը պետք է լիներ այդ արտաքին փակուղում Հայաստանի ճկունությունն ու կենսունակությունը ապոհովող հիմնարար գործոնը:

Ըստ իս, հենց այդ՝ ներքին դաշտում է եղել գլխավոր տապալումը, ձախողումը: Եվ սրա մասին ինքս տարբեր մեկնաբանություններով խոսել եմ 2018-ից ի վեր՝ քննարկելով թե լեգիտիմ իշխանափոխության հնարավորության բացակայության գերվտանգավորության հարցը, թե, ընդհանրապես, հետհեղափոխական Հայաստանում ներքին քաղաքականության դաշտում երկուստեք՝ իշխանության ու ընդդիմությունների սխալ և վտանգավոր «առաջնահերթությունների» հարցը:

Ճակատագրական հանգամանքը եղել է այն, որ արտաքին փակուղին այդ կերպ բերվել է և վերածվել ներքին խորը փակուղու, և առ այսօր հենց այդ ներքին փակուղին է, որ Հայաստանի համար ճակատագրական մարտահրավեր է»: