Տեսակետ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը ցուցադրական ակտ է. Հակոբ Բադալյան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը ցուցադրական ակտ է. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կասկածից վեր է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցը ցուցադրական ակտ է:
Դրա մասին վկայող հանգամանքները հետևյալն են․ պատվիրակությունը «հավաքվել» է շատ արագ՝ երկու-երեք օրվա ընթացքում: Այցը շատ կարճ է, նա Երևանում մնում է 24 ժամից էլ պակաս:

Լըկորնյուն Երևան է ժամանում ռազմա-տրանսպորտային օդանավով, այն դեպքում, երբ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, քաղաքական պաշտոնյա, և այցերը, սովորաբար, տեղի են ունենում մյուս քաղաքական պաշտոնյաների ռեժիմով: Այցի վերջնական որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հակառակ պարագայում հազիվ թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լիներ պատվիրակության կազմում, եթե ընդամենը մեկ օր անց նա Երևանում հյուրընկալելու էր իր ֆրանսիացի պաշտոնակցին:

Ինչի՞ համար է այդ ցուցադրականությունը․ այստեղ է գլխավոր հարցը: Կարծում եմ՝ սա որոշակի իմաստով «արձագանք»-«պատասխան» է Մյունխենում Փաշինյան-Մուր հանդիպմանը: Հիշեցնեմ՝ Մուրը բրիտանական հետախուզության ղեկավարն է: 

Բնականաբար, «արձագանք»-«պատասխանն», ըստ իս, պայմանավորված է ոչ թե զուտ հանդիպման փաստով, այլ դրանում շոշափված բովանդակությամբ կամ բովանդակությանն առնչվող որևէ էական հանգամանքով, որն իրականում իր խորքում էականորեն տարբերվում է այն քարոզչական պատկերից, որը, արդեն քանի օր է, կառուցվում է «Սուրբ Մյունխեն ամենափրկիչ» տրամաբանությամբ:

Մյուս հարցն էլ այն է, թե ինչ խորք ունի Ֆրանսիայի ցուցադրական ակտը, կամ, ավելի շուտ, խորք ունի՞, թե՞ ոչ: Այդպիսի ակտեր կարող են լինել երկու դեպքում՝ երբ խորքում չկա ոչինչ, և մնում է վառ պահել անտուրաժը, կամ՝ խորքում եղածի հանդեպ կան կասկածներ, և առաջանում է ցուցադրական մի քայլով դրանք ցրելու անհրաժեշտություն:
Ո՛րն է այս դեպքում, դժվարանում եմ ասել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական