Bitcoin Armenia-ի հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ներկայիս ֆինանսական համակարգի խնդիրներից մեկը այն է, որ ամեն ինչի չափման միավորը՝ փողը, հավերժ ինֆլյացիայի է ենթարկվում։ Ինֆլյացիան էլ չափում են տարատեսակ պարամետրերով, որոնք նույնպես օբյեկտիվ չեն ու ժամանակի ընթացքում փոփոխվում են` հաճախ քողարկելու համար, թե իրականում ինչ բարձր է ինֆլյացիան։
Ոնց որ պարբերաբար ուզես ինչ-որ բանի չափումներ անել, բայց ձեռքիդ քանոնը անընդհատ երկարի, ու չկարողանաս հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է այն երկարում։
Նկարին նայելով՝ լավ կլիներ ասել, որ 2018–2023թթ․ հայերի գործերը երկու անգամ լավացել են, բայց ինֆլյացիան էստեղ հաշվի առած չի։ 2020–ից սկսած՝ շրջանառվող դոլարի ծավալը, այսինքն, չափման միավորը, նույնպես մոտավորապես կրկնապատկվել է։
Հա, ՀՆԱ-ի դեպքում ինֆլյացիան հաշվի առնող ցուցիչ նույնպես կա՝ Real GDP, PPP, բայց սա նույնպես խնդրահարույց է, որովհետև ինֆլյացիան չափելու գործիքները օբյեկտիվ ու ճշգրիտ չեն։
Քանի որ նորմալ չափման միավոր չունենք, ավելի ճիշտ կլինի համեմատության մեջ նայելը։ Արդյունքում, ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ՀՀ-ն եղել է աշխարհի երկրներից`
- 2018 - 117րդ տեղում
- 2019 - 112րդ տեղում
- 2020 - 112րդ տեղում
- 2021 - 114րդ տեղում
- 2022 - 99րդ տեղում
- 2023 - 86րդ տեղում
Այլ երկրների համեմատությամբ սկսել ենք աճ գրանցել միայն վերջին երկու տարում։ Այս 30 հորիզոնականի աճն էլ ունեցել ենք` անցնելով թույլ զարգացած երկրների, որոնց ցուցանիշները իրար շատ մոտ են։ Իսկ մեր դիրքից ավելի բարձր գտնվող երկրների ցուցանիշները անգամներով սկսում են աճել, ու, օրինակ, ևս մոտ 20 հորիզոնական բարձրանալու համար մեզ պետք էր անցած տարի ունենալ մեկ շնչին ընկնող 2 անգամ մեծ ՀՆԱ, ու դրանից հետո նոր, միայն, կանցնեինք աշխարհի մեկ շնչին ընկնող միջին ՀՆԱ-ի ցուցանիշը։
Մի խոսքով, դեռ շատ տեղ ունենք աճելու։ Պետք է ավելի շատ աշխատել ու ավելի շատ արդյունք ստեղծել»։