Տեսակետ

Ղարաբաղյան շարժման ցուցապաստառները յուրատեսակ մենախոսություն էին. Հարություն Մարության (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվեց պատմական որոշում, որով սկիզբ դրվեց Ղարաբաղյան շարժմանը Հայաստանում։ Երևանի կյանքը մեկ օրում փոխվեց. հանգիստ ու խաղաղ քաղաքից այն դարձավ անհանգիստ ու լարված, պարզապես եռացող կյանքով ապրող. քաղաքը ցնցում էին տասնյակ և հարյուրհազարավոր մարդկանց մասնակցությամբ պարբերաբար անցկացվող հանրահավաքները, երթերը, նստացույցերը, հացադուլները, գործադուլները։

Շարժումն առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորված ազգային-դեմոկրատական շարժումների և հեղափոխությունների շարքում։ Շատ երևույթներ Հայաստանում զարգանում էին ինքնուրույն՝ պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց և գործող օրենքների շրջանակներում։ Ղարաբաղյան շարժման ընթացքում Հայաստանը, հայ ժողովուրդը պայքարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, և հաղթեց նրան ոչ թե ուժով, այլ համամարդկային և ազգային արժեքների (այդ թվում՝ պայքար հանուն պատմական արդարության և պատմական ճշմարտության) վրա հենված ժողովրդավարական, հեղափոխական այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վերջո քանդեց Բեռլինի պատը և կերտեց Հայաստանի անկախությունը։ 

Լուսանկարներում Ղարաբաղյան շարժման ցուցապաստառներն են, որոնք հասարակական գործընթացների պատկերագիր «վկաներ» են և սովորաբար անմիջապես արձագանքում են իրադրության փոփոխություններին, ուստիև դրանցով շատ հարմար է հետևել հասարակական զարգացումների փուլերին, իսկ դրանց բովանդակային փոփոխությունների վերլուծության միջոցով՝ քաղաքական կողմնորոշումների և ինքնության ձևափոխմանը։ Այս առումով Ղարաբաղյան շարժումը (1988 փետրվար 20 – 1990 օգոստոս 23) ուսումնասիրության հարուստ և մեծ դաշտ է ներկայացնում:

Շարժման ցուցապաստառները ժանրային ամենատարբեր դրսևորումներ ունեին, աչքի էին ընկնում բովանդակային բազմազանությամբ, կառուցված էին ինչպես ազգայնական, նույնպես և խորհրդային մտածողության հենքի վրա, մի խոսքով՝ ժողովրդական պատկերագրական բնույթ կրող ազատ մտածելակերպի չմիջնորդավորված ցուցիչներ էին։

Ղարաբաղյան շարժման տարիներին մարդ - իշխանություն, հասարակություն - պետություն փոխհարաբերությունների մեջ ցուցապաստառներն այն միջնորդներն ու յուրատեսակ գործիքներն էին, որոնցով փոխանցվում էին մարդկանց-հասարակության մտածելակերպը, նաև՝ դիմումներն իշխանություններին ու վերջիններիս տրվող գնահատականները։ Ցուցապաստառներն ուղղված էին ոչ միայն իշխանություններին, այլև հենց հայ ժողովրդին, հայաստանցիներին, ադրբեջանցիներին, խորհրդային մեծ երկրի մյուս քաղաքացիներին, աշխարհին, մի խոսքով՝ բոլորին, ով հետաքրքրվում էր հայությանը հուզող հարցերով։ Ցուցապաստառները յուրատեսակ մենախոսություն էին ժողովրդի կողմից՝ երկխոսության վերաճելու ակնկալիքով։

Մանրամասն՝ տես Հարություն Մարության, «Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», Երևան, «Գիտություն», 2009 աշխատությունը։