Տեսակետ

Իլոն Մասկի մասին հարցը` Պուտին-Կարլսոն զրույցի առանցքում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Պուտինի հետ Կարլսոնի «հարցազրույցում» բնականաբար չի հնչել աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների իմաստով ոչ մի պատահական հարց: Այդ առումով, շոշափված առանցքային հարցերից մեկը, որքան էլ այն կարծես թե լայն ուշադրության առումով չի եղել առաջին շարքերում, Իլոն Մասկի մասին հարցն էր: 

Այդ առնչությամբ հարցի առանցքայնությունը դիտարկելու համար կարեւոր հանգամանք է թերեւս Կարլսոնի եւ Մասկի հարցազրույցը, որ եղել է ամիսներ առաջ: Մասկն այդ հարցազրույցում խոսում էր արհեստական բանականության մասին, արձանագրելով, որ Գուգլը կարող է ձեւավորել այդ առումով գործընթացի մենաշնորհ եւ ինքը իր առաջ դնում է խնդիր թույլ չտալ մենաշնորհ, որովհետեւ այդ մենաշնորհը կարող է գործադրվել ի չարս:

Հասկանալի է, որ այստեղ մանկական չարի ու բարու հարց չէ, այլ՝ ֆինանսների, իշխանության, գլոբալ քաղաքականության: 

Պուտինն ասում է՝ Մասկին չես կարող կանգնեցնել, նրա հետ պետք է պայմանավորվել: Հետաքրրքիր է, Մասկն արդեն պատասխան ազդակ ուղարկե՞լ է:

Համաշխարհային պատերազմը, որ այսօր թեժ ծավալում է ստանում լոկալ, պրոքսի պատերազմների, լոգիստիկ ենթակառուցվածքների հանդեպ վերահսկողության համար կոշտ պայքարի տեսքով, առավել խորքային առումով ծավալվելու է թերեւս արհեստական բանականության հանդեպ վերահսկողության ուղղությամբ: 

Ըստ իս, հենց այստեղ է նաեւ ծավալվող զարգացումների անորոշության ու անկանխատեսելիության գլխավոր աղբյուրը: