Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հայաստանում հաճախ է հնարավոր հանդիպել քննարկումների կամ հարցադրումների՝ Բայդենի՞ հաղթանակը կլինի մեզ համար ավելի լավ, թե՞ Թրամպի: Եվ այստեղ հիմնական պատահող փաստարկն այն է, թե Թրամպի «օրոք» սկսվեց 44-օրյա պատերազմը: Բայց խիստ քչերն են նկատում, որ Բայդենի «օրոք» էլ, ըստ էության, Արցախի հանդեպ տեղի ունեցավ այդ պատերազմի եզրափակիչ ակտը՝ Արցախի շրջափակումն ու սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, Բայդենի «օրոք» արձագանքը որևէ կերպ չի տարբերվել Տրամպի «օրոք» արձագանքից:
Սրանք, սակայն, մեջբերում եմ որպես օրինակներ, որովհետև մտնել այս կարգի «համեմատությունների» մեջ՝ նշանակում է ընդամենը հայտնվել քաղտեխնոլոգիական «ծուղակում», ոչ ավելի:
Ինչ վերաբերում է Բայդեն, թե Տրամպ, ապա քննարկել, թե որն է մեզ համար ավելի լավ, մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ անհեթեթ: Այդպիսի քննարկումը իմաստ կունենար այն դեպքում, երբ Հայաստանն ունենար այդ «թե-թե»-ի հարցում որոշիչ ազդեցության հնարավորություն: Այդ պարագայում կքննարկեինք, թե ում օժանդակելն է մեզ համար նպատակահարմար:
Երբ չունես ԱՄՆ նախագահի ընտրության հարցում որևէ շատ, թե քիչ էական ազդեցության հեռավոր հնարավորություն անգամ, քո անելիքը ոչ թե շահավետ կամ ոչ շահավետ թեկնածուների մասին խոսակցությունն է, այլ ընտրության բոլոր հնարավոր ելքերին պատրաստվելը, որևէ ելքի դեպքում ԱՄՆ հետ առավելագույնս ընդգրկուն հարաբերության հարցում պատրաստ սցենարներ ու անելիքներ մշակելը՝ առանց մակերեսային «երկրպագության» և պատրանքների»: