Տեսակետ

Մտավորական միջանցքների մասին. Հրաչ Բայադյան

Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Հայաստանի պատմություն»՝ «Հայոց պատմության» փոխարե՞ն: Այս անվանափոփոխությունը կօգնի՞ ինչ-որ բան փոխել Հայաստանի (կամ գուցե հենց «հայոց») պատմագիտական մտքում, կնպաստի՞ ազատվել ակադեմիական-պատմագիտական աղբից և այդ աղբն արտադրողների անեծքից, որ, իմիջիայլոց, դեռ իրենց մեջ կրում են պատմական մատերիալիզմի տեղայնացված արձագանքները: 

7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ստեղծված աղմուկը (որտեղ խոսվեց ամեն ինչից՝ տարեթվերից, տեղանուններից, քարտեզներից «հայրենասիրությունից», բայց երբեք՝ պատմագիտությունից) ցուցիչ է, որ այս առումով ոչ մի լավ բան չի հուշում:

Տարիներ առաջ ես գրեցի մի հոդված մշակութաբանության և մշակութային ուսումնասիրությունների փոխհարաբերության մասին: Մշակութաբանությունը ևս մի տիրույթ է, որն իր վրա կրում է մշակույթի և մշակութային քաղաքականության խորհրդային ըմբռնման անշփոթելի դրոշմը: Ես հարցնում եմ՝ այսօր հնարավո՞ր է՝ եթե ոչ փոխել մշակութաբանությունը մշակութային ուսումնասիրություններով, ապա գոնե՝ վերջինի զարգացման համար նույնպես ստեղծել ակադեմիական տարրական հնարավորություններ:

Հազիվ թե: Ցավոք, ոչ պատմության, ոչ մշակույթի, ոչ գրականության ուսումնասիրության կամ մեկ այլ նման բնագավառում ես չեմ տեսնում մասնագիտական նվազագույն կարողություններ, որ թույլ կտան բացել «հումանիտար միջանցք» դեպի ժամանակակից աշխարհ»: