Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2021թ․ ի վեր սա արդեն երրորդ գործարքն է, որ պետությունը օտարերկրյա ներդրողներին ռազմավարական ակտիվներ ձեռքբերելու «թույլտվություն» տալու համար ստանում է «նվիրատվություններ»՝ բաժնետոմսերի 12,5%-20%-ի տեսքով․ խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին։
Առաջին հայացքից մենք՝ քաղաքացիներս (պետությունը), դառնում ենք խոշոր ակտիվների սեփականատեր, ինչը ուրախալի է, սակայն լուրջ ռեպուտացիոն ռիսկեր են առաջանում երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից։ Ցանկացած խոշոր ներդրող, որը դիտարկելու է Հայաստան մուտք գործելու հնարավորությունը, անկասկած հաշվի է առնելու այս հանգամանքները, ու քանի որ այդպիսի գործարքները, որպես կանոն, ուղեկցվում են 0% թափանցիկությամբ, ենթադրությունները ավելի են «սաստկանալու», ինչպես հայտնի անեկդոտում, թե մթության մեջ ինչքան ատամնաբույժ կարող է լինել․․․
Մյուս կողմից, հարց է առաջանում՝ ո՞րն է մեր երկրի տնտեսական պարադիգմը, ո՞ւր ենք գնում մենք - դեպի պետական կապիտալի՞զմ․․․
Հ․Գ․1. Հիշեցնեմ՝ ավելի վաղ նման գործարքներ իրականացվել են ԶՊՄԿ-ի (15%) և «Լիդիան Արմենիայի» դեպքում (12,5%):
Հ․Գ․2. Ակամայից հիշեցի, թե 2000-ականներին Ռուսաստանի բնակչությունը ինչպես էր ուրախանում, որ իշխանությունները օլիգարխներից հետ էին վերցնում 90-ականներին կոպեկներով մասնավորեցված ռազմավարական ակտիվները․ հուսանք՝ այդքանով զուգահեռները կսահմանափակվեն»։