Տեսակետ

«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». Սմբատ Հովհաննիսյան

Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Միանգամից փաստենք, որ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» եզրույթները բովանդակային առումով տարբեր հեռանկարներ են ենթադրում։
«Հայաստանի պատմություն» եզրույթը հիմնականում ընդգծում է Հայաստանի, իբրև պետության, քաղաքական, տնտեսական և սոցիալական ասպեկտները, ինչպիսիք են դրա ձևավորումը, կառավարումը, հակամարտությունները և հարևան շրջանների հետ հարաբերությունները։ Հետևաբար, այն ենթադրում է ավելի նեղ հեռանկար՝ համեմատած հայ ժողովրդի ավելի լայն պատմության հետ:

«Հայոց պատմություն» եզրույթը ենթադրում է կամ նկատի է առնում կենտրոնացում հայության (հայ ժողովրդի) փորձառությունների վրա: Այն ներառում է ոչ միայն Հայաստանի, որպես պետության, քաղաքական պատմությունը, այլև հայության (հայ ժողովրդի) ավելի լայն պատմական պատումը, ներառյալ՝ սփյուռքը: Այն կարող է վերաբերել տարբեր շրջանների (տարածքների) և շրջափուլերի (periods)՝ ընդգրկելով այնպիսի դիտանկյուններ, ինչպիսիք են լեզուն, կրոնը, արվեստը և հասարակական զարգացումները, ընդ որում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:

Ըստ էության, «Հայոց պատմությունը» ավելի ընդգրկուն մոտեցում է ցուցաբերում՝ հայությանը (հայ ժողովրդին) դիտարկելով որպես ազգային և մշակութային ամբողջություն, մինչդեռ «Հայաստանի պատմությունը» հակված է կենտրոնանալու կոնկրետ պետության պատմական զարգացման վրա։ 
Ընդ որում, «Հայոց պատմությունը» միաժամանակ ենթադրում է նաև «Հայաստանի պատմությունը»․ «հայոց»-ի մեջ կա թե՛ «հայությունը/հայ ժողովուրդը», և թե՛ «Հայաստանը»։ Ավելին, «Հայոց պատմությունը» ենթադրում է ազգակենտրոն և պետականակենտրոն հարացույցների համադրություն։ Իսկ ազգակենտրոնն ու պետականակենտրոնը, տարբերություններով հանդերձ, լրացնում են միմյանց՝ ապահովելով համապարփակ ըմբռնում: 

«Հայոց պատմության» ազգակենտրոն շերտը, իր կիզակետում ունենալով հայության ընդհանուր մշակութային, լեզվական և ազգային ինքնությունը, ենթադրում է, որ այդ ինքնությունն ավելին է, քան պետական սահմանների մեջ պարառվածը: Այստեղ ակտիվ է ժամանակային շերտը։ 

«Հայոց պատմության» պետականակենտրոն շերտը, իր կիզակետում ունենալով տարածքի քաղաքական կազմակերպումը, ուսումնասիրում է քաղաքական սուբյեկտների ստեղծումը, կառավարումը, կառավարման կառույցները, քաղաքական գործընթացները և փոխազդեցությունները: Այստեղ ակտիվ է տարածական շերտը։

Այսպիսով, «Հայոց պատմություն» եզրույթը ներառում է առնվազն երկու շերտ՝ ազգակենտրոն (ժամանակային) և պետականակենտրոն (տարածական), և երկու տեսանկյունների համադրումը թույլ է տալիս հասկանալ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային և քաղաքակրթական հարթությունների ավելի ընդլայն փոխազդեցությունը: Այն ընդունում է, որ ազգը սահմանափակված չէ պետության սահմաններով: 

Այսպիսով, լավագույն տարբերակն է «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» եզրույթը, որն ամրագրված է՝ սկսած դեռ պատմահայր Մովսես Խորենացուց»։