Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Ռասիստական գրառման հեղինակ ռուսի մասին նոր տվյալներ։ Պարզվեց, որ ռասիստական գրառման հեղինակ ռուս լրագրող կամ լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինի անունը տեղ է գտնում ռուսական պետական ՏԱՍՍ-ում, ՌԲԿ-ում (լինքերը՝ մեկնաբանության բաժնում)։ Օրինակ ՏԱՍՍ-ում հրապարակված նրա անունով նյութում գրված է, թե ինչպես են «Հայրենիքի վահան», «Պահեստազորի սպաներ» և «ԱԱԾ պահեստազորի սպաներ» հասարակական միավորումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել հաստատել ՀԱՊԿ աջակցության փաթեթը, և ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Նա կամ հրապարակման և լուսանկարի հեղինակն է, կամ միայն լուսանկարի։ Բացառված չէ՝ երկուսն էլ։
Ալեքսանդր Պատրինի և 30 օրով արգելված «Սպուտնիկ Արմենիայի» միջև կապի / շփման մասին ևս հիմքեր կան, (գտնել մեկնաբանության բաժնում)։
Երևում է, որ նա տևական ժամանակ Հայաստանում է և ունի լուսանկարներ՝ կարևոր իրադարձությունների վայրերից։ Օրինակ, Արցախի հայաթափումն է նկարել։ Այսինքն, շարքային ռելոկանտ չէ։ Նրա նկարները՝ կից տեքստերով պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի պետական քարոզչամիջոցներում։ Հավանաբար, դա է նրա գործի անունը։ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված էլ կլինի՝ ենթադրում եմ։
Հուսանք, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված չէ երիտասարդը և նրանցից հանձնարարություններ չի ստանում։ Հա մոռացա, նրան Երևանի «Դոմ Մոսկվիի» իվենթի էին հրավիրել, տեսնես ընդունե՞ց։
Հայաստանի իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք գործակալական գործունեությամբ զբաղվում է այս երիտասարդը՝ հօգուտ Ռուսաստանի, թե չի զբաղվում։ Պետք է պարզել, արդյո՞ք Հայաստանում ռասիստական քարոզը այս տղայի նախաձեռնությունն է, թե ռուսական հատուկ ծառայությունների։
Իրավապահները պարտավոր են այս ռուս տղային հրավիրել և բացատրել, որ Հայաստանում ռասիստական բնույթի խտրական խոսք, տրամադրություններ տարածելը, շարժումներ գեներացնելը արգելված է Սահմանադրությամբ։
Եթե հայաստանյան հանրությունը լսի Ալեքսանդրի «պատգամը», և որոշի ռասիստական գաղափարներով շարժվել, ինչի ջատագովությամբ է զբաղված երիտասարդը, վախենամ՝ առաջին զոհը ինքը և իր հայրենակիցները դառնան։ Երիտասարդին կարելի է հուշել, որ եթե իրեն վատ է զգում հայերի հանդուրժող շրջապատում, կարող է վերադառնալ Ռուսաստան և պայքարել օտարերկրացիների դեմ։
Հեչ չեղած, այս ռուս տղայի պետությունը Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարածն է, իր հովանու ներքո օկուպացվել են Արցախը, ՀՀ սուվերեն տարածքներ, մինչդեռ Հնդկաստանը այսօր աջակցում է Հայաստանի անվտանգության ապահովմանը, զենք է վաճառում՝ ի հեճուկս Ադրբեջանի։ Այսինքն, չոր դատելով, Հայաստանի հանրությունը ավելի շատ պատճառներ ունի լավ ընդունելու հնդիկներին, քան ռուսներին։ Այս տղայի առաջարկած տրամաբանությունը ռասիստական է, և գործում է իր դեմ։ Բայց դա ծուղակ է, և մենք չպետք է մտնենք այդ դաշտ։ Բոլորին է անհրաժեշտ լավ ընդունել՝ անկախ իր պետության պահվածքից։
Որևէ մեկը այս տղային թող բացատրի, որ ինքը ևս Հայաստանում հյուր է, ինչպես նրանք, ում ինքը թիրախավորել է։ Այս երիտասարդն ոչնչով լավը չէ, քան հնդիկները։ Ես դեմ եմ և ռուսների, և հնդիկների, և ուրիշ բոլոր ազգերի նկատմամբ խտրականությունը։
Եվ կարծում եմ վերջին շրջանում Հայաստանում ռասիստական բնույթի խտրական տրամադրությունների տարածումը, ռասիստական հոսանքների ստեղծումը, հնդիկներին թիրախավորելը, սինագոգի վրա հարձակումը ունի արտաքին ոգեշնչում։ Նժդեհի կերպարն աղավաղելը և նրան ռասիստական բնույթ հաղորդելը ձեռնտու է ռուսներին և ադրբեջանցիներին։ Նժդեհն այն հայն է, ում դեմ ռուսները պատերազմել են և չեն հաղթել, ինչի արդյունքում Սյունիքը մնացել է Հայաստանի կազմում։ Նժդեհի արձանի կանգնեցմանը Երևանում դեմ էին Մոսկվայում և բաց քննադատում էին ժամանակի իշխանությանը։ Նժդեհին ռուսները և ադրբեջանցիները չեն մարսում մինչև հիմա, և կարծում եմ՝ պատահական չէ նրա կերպարը «հայկական ֆաշիզմի» առասպելի ստեղծման մեջ օգտագործելու փաստը։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի դեմ իրենց փաստարկները նաև հրապարակային կերպով հիմնավորեն։ Եվ «նժդեհական հայկական ֆաշիզմը» ամենալավ զենքն է Հայաստանի դեմ առաջիկա հարձակումները «հիմնավորելու»։
Ռուսաստանի հատուկ ծառայությունները ստեղծում և ղեկավարում են ազգայնական շարժումներ, որոնց արարքները, հրապարակային խոսքը օգտագործում են՝ տվյալ պետությանը թիրախավորելու, ֆաշիզմի մեջ մեղադրելու և օրինակ՝ հատուկ ռազմական գործողություն սկսելու նպատակով։ Այդպիսի փորձեր կան Ուկրաինայում։ Ռասիստական ցանկացած շարժում պետք է չեզոքացվի հատուկ ծառայությունների կողմից, հատկապես, երբ Նժդեհի կերպարի աղավաղումով՝ Հայաստանին ֆաշիզմի մեջ մեղադրելու հիմքեր են ստեղծում ռուսների և ադրբեջանցիների համար։ Այս դեպքերը օգտագործվելու է Հայաստանի դեմ՝ ռասիստական կեղծ մեղադրանքներ ձևակերպելու, քաղաքական պահանջներ ներկայացնելու։ Հուսանք, պետությունը երկու դեպքում անգործության չի մատնվի, իսկ Հայաստանի հանրությունը թակարդը չի ընկնի և տուրք չի տա սադրանքներին»։