Տեսակետ

Արդեն 30 տարի Հայաստանը գլուխ չի հանում ժամանակակից աշխարհից. Հրաչ Բայադյան

Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և, մասնավորապես, Հայաստանում այդ ոլորտի խնդիրների մասին սկսեցի պարբերաբար գրել 2000-ականների սկզբին, բայց 10-12 տարի անց վերջնականապես հիասթափվեցի և կորցրի հետաքրքրությունս դրա նկատմամբ: Ոլորտն այդ ժամանակ արդեն հայտարարվել էր երկրի տնտեսության գերակա ճյուղ և մինչ օրս շարունակում է վայելել այդ արտոնությունը: Գլխավոր խնդիրներից էին, օրինակ, ոլորտի զարգացման և տնտեսության ու սոցիալական կյանքում այդ տեխնոլոգիաների ներդրման ռազմավարության, տեղեկատվական հասարակության կառուցման ազգային ծրագրի մշակումը և այլն: Նման փաստաթղթեր հիմա էլ չկան:

Մի քիչ առաջ լսում էի հարցազրույց «ոլորտի մասնագետի» հետ: Գրեթե նույն բառապաշարն է, ինչ 20 տարի առաջ (ի միջի այլոց, մի շրջան Հայաստանում ՏՏ ոլորտի փայլուն հեռանկարների մասին պատմող գլխավոր հռետորը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էր՝ պետք էր բարձրացնել Քոչարյանի ռեյտինգը: Հիմա, բարեբախտաբար, նա այդ թեմաներով խորհուրդներ չի տալիս, և ոչ մեկն էլ նրան չի հարցնում, թե ինչու էր խոսում չիմացած բաների մասին և սին հույսերով սնում միամիտ հասարակությանը): Կան փոփոխություններ՝ Հայաստանը ահա-ահա պատրաստվում է դառնալ ոչ թե տարածաշրջանի «Սիլիկոնային հովիտը», այլ «Սիլիկոնային լեռները»․ մեծ առաջընթաց 20 տարվա համար:

Լրագրողի հարցին, թե ինչ է տվել այս գերակա ճյուղը Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերին, ոլորտի ներկայացուցիչը պատասխան չունի, բացի անորոշ խոստումները:

Այս ոլորտը, ի թիվս այլ բաների, ճշգրիտ ցուցիչ է, որ արդեն 30 տարի Հայաստանը գլուխ չի հանում ժամանակակից աշխարհից: Ցավալի, բայց անհերքելի փաստ»: