Տեսակետ

Ինչպես Հայաստանում 2023թ․ նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճեց 11.2%-ով. Հայկազ Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2023թ․ նոյեմբերին արդյունաբերության ոլորտում, շնորհիվ ոսկերչական արտադրանքի արտադրության 13.7 անգամ աճի, արձանագրվել է թողարկման 23.8% աճ, ինչն էլ իր հերթին մոտ 4.4%-ային կետով նպաստել է նոյեմբերին տնտեսական ակտիվության աճին։ Այս «ոսկու տենդը», բնականաբար, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։

Առևտրի ոլորտի շրջանառությունն էլ ավելի մեծ տեմպերով է աճել՝ 32.1%-ով, ինչը, թերևս, պայմանավորված է ավտոմեքենաների մեծածախ և մանրածախ առևտրի արհեստական աճով։ Մասնավորապես, ՊԵԿ-ը ավտոմեքենաների առևտրով զբաղվող ընկերությունների համար սահմանեց, որ դեկտեմբերի 1-ից ավտոմեքենայի օտարման դեպքում գինը պետք է հաշվարկվի ԱԱՀ-ով հարկման բազայի + բնապահպանական հարկի 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով, այսինքն, առնվազն 20% վերադիրով, ինչը ստիպեց շատ ավտոմեքենա ներկրողների՝ ավտոմեքենաները «մաքրել» ընկերությունների հաշվեկշռից՝ արհեստականորեն վաճառելով ավտոմեքենաների/բիզնեսի սեփականատերերին կամ նրանց ծանոթներին։

Այս արհեստական բարձր բազան լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու մեր տնտեսությունը 2024թ․ նոյեմբերին»։