Տեսակետ

Էկոցիդի հասնող ապօրինի ձկնագողության վերջը պետք է տրվեր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ջրային պարեկները կարևոր գործ են անում ու պետք է վայելեն հանրության աջակցությունը։ Սևանա լճում առաջին ջրային բախումն է եղել պարեկների ու ձկնագող խմբերի միջև: Կազմակերպված-դիմակավորված խմբեր նախ ցամաքում և ապա ջրում հարձակվել են պարեկների վրա, որ պաշտպանեն ձվադրման շրջանում ձուկ որսելու իրենց «իրավունքը»:

Բանն այն է, որ ի տարբերություն ցամաքի, ջրում, նախքան պարեկային ծառայությունը, իրավապահ մարմին ընդհանրապես չի եղել: Ջրային պարեկայինի վաշտի ներդրումից առաջ ջրային ոստիկանությունն ուներ ընդհամենը 3 ծառայող և լճում համատարած ապօրինություն էր:

Աշխատանքային քննարկումներում «Իրազեկ քաղաքացիների միավորումով» առաջարկեցինք, որ ջրային պարեկայինը ոչ թե լինի «տուրիստիկ դեկորացիա», այլ ծառայի ամբողջ լճում, 24 ժամ, տարին 12 ամիս, բավարար քանակով:

Մեր առաջարկներն ընդունվեցին և բացվեց կրիմինալի դեմ ոստիկանության պայքարի նոր` ջրային ճակատ: Բնականաբար, պետությունը կարող էր միջոցներ ձեռնարկել, որ ապօրինի ձկնագողությամբ զբաղվողները հեշտությամբ անցնեին օրինական ճանապարհով փող աշխատելուն: Բայց էկոցիդի հասնող ապօրինի ձկնագողության վերջը պետք է տրվեր:

Սևանա լճում ֆաունայի պաշտպանությունը կարևոր ծառայություն է, որ ոստիկանությունն սկսել է մատուցել հանրությանը, և սառը ջրում մեծաթիվ կրիմինալ խմբերի կողմից հարձակման ենթարկվող պարեկը պետք է իմանա, որ մենք բոլորս իրեն աջակցում ենք»: