Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ գրեցի Լեհաստանի առաջին տիկնոջ Հայաստան այցի և այդ այցի ընթացքում զարմանալիորեն որևէ պետական ընդունելության կամ միջոցառման բացակայության մասին: Նախօրեին Լեհաստանում տեղի է ունեցել փաստացի իշխանափոխություն և խորհրդարանի ընտրության արդյունքով վարչապետի պաշտոնին է վերադարձել Դոնալդ Տուսկը:
Տուսկը վերջին տարիներին լեհական ու, թերևս, նաև եվրոպական քաղաքականության նշանավոր ֆիգուրներից է: Նա Լեհաստանի ամենաերկարակյաց վարչապետն է՝ 2007-14 թվական: Ընդ որում՝ 2014 թվականին վարչապետի պաշտոնը թողեց, որպեսզի զբաղեցնի Եվրոպայի Խորհրդի նախագահի պաշտոնը: 2019-ին էլ թողնելով այն՝ Տուսկը դարձավ Եվրոպայի ամենախոշոր կուսակցության՝ ԵԺԿ նախագահը, զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2022 թվականը:
Տուսկի վերադարձը Լեհաստանի վարչապետի պաշտոնին, ըստ ամենայնի, արժե դիտարկել ոչ միայն լեհական, այլ նաև եվրոպական քաղաքականության վերափոխումների համատեքստում: «Շնորհակալությո՛ւն, Լեհաստան, սա իսկապես հիանալի օր է: Ոչ թե ինձ համար, այլ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ խորապես հավատում էին, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, և մենք կազատվենք խավարից ու չարից»,- հայտարարել է Տուսկը:
Նա իր նախկին վարչապետության օրոք սուր մրցակցության և հակադրության մեջ էր այն ժամանակ նախագահ Լեհ Կաչինսկու հետ: Ընդ որում՝ հնարավոր է նույնիսկ, որ այդ հակադրությունը «փրկեց» Տուսկի կյանքը: Համենայն դեպս, Կատինի գնդակահարության զոհերի հիշատակը հարգելու համար Տուսկը Սմոլենսկ՝ զոհերի հուշակոթողի վայր էր մեկնել Կաչինսկուց առանձին, նրանից երեք օր առաջ:
Դժվար է ասել, եթե լինեին ավելի համերաշխ, արդյո՞ք կմեկնեին միասին՝ նույն օդանավով, բայց, երեք օր անց Սմոլենսկ թռչեց Լեհաստանի նախագահը՝ Կաչինսկին, և նրա օդանավում նաև Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նրանք բոլորը դարձան ավիաաղետի զոհ:
2019 թվականին Տուսկը այցելել էր Կովկաս՝ ԵԽ նախագահի պաշտոնին հրաժեշտից առաջ: Հայաստան այցի շրջանակում լինելով նաև Սևանավանքում, էթնիկ ծագումով քաշուբ՝ արևմտասլավոն Տուսկը խոսել էր եվրոպական մշակույթի վրա հայկական հազարամյա ազդեցության մասին և հայտարարել էր՝ «սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»: