Դավիթ Աքելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 1-ին Կալիֆոռնիայում գտնվող տիեզերական թռիչքների Վանդենբերգ կենտրոնից կմեկնարկի SpaceX-ի 425 Project Flight 1 անունը կրող թռիչքը, որի շրջանակում Falcon 9 կրող հրթիռը տիեզերք դուրս կբերի մի շարք օգտակար բեռներ, որոնց թվում է հայկական արտադրության առաջին արբանյակը (ավելի շուտ նանոարբանյակը կամ cubesat-ը)՝ «Հայասաթ-1»-ը։
Հայասաթ-1-ի վերաբերյալ ակնկալիքները պետք է ճիշտ ձևավորել։ Այս համատեքստում մի քանի highlight-ներ՝
- «Հայասաթ-1»-ը մշակվել և իրականացվում է հայ գիտնականների և ինժեներների կողմից, մասնավորապես՝ «Բազումք» (Bazoomq Space Research Lab) տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և CSIE-ի (Center for Scientific Innovation and Education ) համագործակցության շրջանակում:
- «Հայասաթ-1»-ը Հայաստանի 2-րդ արբանյակն է, բայց առաջինը, որն ստեղծվել է Հայաստանում տեղական գիտական ու ինժեներական ներուժի համադրման արդյունքում։ Առաջինը, որը տիեզերք էր դուրս բերվել 2022թ. մայիսի 25-ին, հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք էր:
- Արբանյակի հետ կապը երկրի հետ ապահովվելու է Հայաստանում գտնվող թռիչքի կառավարման կենտրոնի միջոցով։
- Գործնականում «Հայասաթ-1»-ը չունի բազմաբնույթ ֆունկցիոնալ նշանակություն։ Ավելի շուտ խնդիր է դրվել՝ հասկանալ ու պատկերացնել, թե ուղեծրային թռիչքի ընթացքում տիեզերական էքստրեմալ պայմաններում հայկական արտադրության առաջին նանոարբանյակը ֆունկցիոնալ առումով ինչպես է դրսևորվելու, ինչպես են աշխատելու Էներգասնուցման, կապի ու ազդանշանների համակարգերը, բորտ–համակարգիչը, մագնիսաչափերը ու արբանյակի համար կենսական բորտային համակարգերն ու ներկառուցված սարքերը։
- Ինչքան հասկանում եմ, չունի բորտային տեսախցիկներ, այսինքն՝ թռիչքի կառավարման կենտրոնին չի փոխանցելու վիզուալ ինֆորմացիա։
Ավելի թիթիզ նշանակության highlight-ներ՝
- «Հայասաթ-1»-ի բորտի վրա կա ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության) լեյբլ՝ արձանագրելով արբանյակի հայկական և տեղական արտադրանք լինելը։
- Նախագծի իրագործման գործում որոշակի ներդրում ունենալու դեպքում (rearmena-ում ընթացող դրամահավաքին միանալու համար՝ համեցեք) նախագծի աջակիցները հնարավորություն են ունեցել բորտում ներդրված չիպի հետ իրենց անունն ուղարկել բաց տիեզերք։
- Արբանյակի կողմից արձակվելիք պարբերական ազդանշանները նաև պարունակելու են Կոմիտասի «Կաքավիկ»-ի մեղեդին։
Falcon 9-ի օգտակար բեռների թվում են նաև ռազմական նշանակության կորեական 5 արբանյակները և իռլանդական առաջին արբանյակը (EIRSAT-1, էլի cubesat)»։