Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կովկաս ժամանած բրիտանացի նախարարին Ադրբեջանը դիմավորում է Ֆրանսիային Կովկասում նոր պատերազմի «հրձիգ» կարգող ինտենսիվ հայտարարություններով: Ալիևն, իհարկե, շատ լավ գիտե բրիտանական ռազմավարության քիմքը և բավարարում է այն:
Այդ իրավիճակը գուցե բավարարում է մեծ խաղի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիային: Դա, ըստ էության, խաղի մեջ մնալու նրա գինն է, որը, սակայն, կարող են վճարել միայն Հայաստանն ու Վրաստանը, կախված, թե ում բախտը չի բերի ամենից շատ:
Միացյալ Նահանգները խաղի ակտիվ ռեժիմից բավականին սահուն կերպով դուրս է գալիս հենց Ադրբեջանի ձեռքով: Ռուսաստանը՝ Հայաստանի ձեռքով:
Ազատվում է «տարածություն»․ հարցն այն է, թե ինչի համար, ինչով է լցվելու այդ տարածությունը:
Այդ հարցի պատասխանը «պտտվել» է Սան Ֆրանցիսկոյում՝ Բայդեն-Ցզինպին հանդիպման սեղանի շուրջ, որից հետո Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարարը շտապում է Կովկաս, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Կիև և հայտարարում, որ Ուկրաինայի համար չունեն «կախարդական փայտիկ», իսկ Էրդողանը Հայաստանին ասում է, որ ներկայիս ժամանակաշրջանում ինքն է Կովկասի կայունության երաշխիքը»: