Տեսակետ

Վաշինգտոնն ու Բրյուսելը որոշում են «վերադարձնել» պատասխանատվությունը Մոսկվայի դաշտ՝ Բաքվի միջոցով

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պետք չէ ոգևորվել կամ առավել ևս հրճվել, երբ հնչում է, թե Հայաստանի տարածքային ամբողջության որևէ խախտում ծանր հետևանք կունենա ԵՄ-Ադրբեջան, կամ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերության վրա: Նախ, պետք է հասկանալ, իսկ ի՞նչ են հասկանում նրանք Հայաստանի տարածքային ամբողջություն ասելով: Օրինակ, պաշտոնական Երևանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ին տալիս են այդ հարցն ու չեն ստանում բավարարող պատասխան: Իսկ ինչպիսի՞ պատասխան են տալիս այդ առնչությամբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն:

29,8 ասելը դա բոլորովին պատասխան չէ: Սահմանագծման և սահմանազատման բացակայության պայմաններում արդյո՞ք տարածքային ամբողջություն ասվածը չի դառնում ամորֆ հասկացություն, որին կարելի է ձև տալ ըստ քաղաքական նպատակահարմարության: Առավել ևս, երբ Հայաստանի վարչապետի մակարդակով է ազդարարվել «կադաստրի թղթի» բացակայությունը:

Ինչո՞ւ են այդ հարցերը դառնում հրատապ: Որովհետև նկատելի է, որ Վաշինգտոնն, օրինակ, «թավշյա» կերպով փորձում է իր վրայից հանել բանակցային պատասխանատվությունը: «Թավշյա» ասելով նկատի ունեմ այն, որ դա արվում է այնպես, որ «տապալելու» պատասխանատվությունն ընկնի Բաքվի վրա, որին տրվում են թե՛ Վաշինգտոնին, թե՛ Բրյուսելին «կողմնակալության» համար մեղադրելու խոսուն առիթներ: Մի քանի օր առաջ Բորելն էր, նախօրեին էլ՝ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը:

Ի՞նչ է ստացվում: Երևանը պատասխանատվությունը բարդում է Մոսկվայի վրա, Մոսկվան պատասխանատվությունը բարդելով Հայաստանի վրա՝ միաժամանակ անուղղակի թողնում է Բրյուսելի և Վաշինգտոնի վրա և, ինչպես երևում է, Վաշինգտոնն ու Բրյուսելը որոշում են «չմնալ» դրա տակ և «վերադարձնել» պատասխանատվությունը Մոսկվայի դաշտ՝ Բաքվի միջոցով: Երբ պատասխանատվությունը դառնում է այսպես բազմակողմ պինգ-պոնգի առարկա, դառնում է էսկալացիայի գեներատոր՝ տալով մտահոգության տեղիք:

Կրկնում եմ այն, ինչ ասել եմ ամիսներ շարունակ, երբ առաջացան նաև բրյուսելյան ու վաշինգտոնյան ձևաչափերը՝ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է բոլորին պատասխանատվության հստակ, միմյանցից տարանջատած շեշտի ներքո պահելը՝ հանրային-քաղաքական օրգանիզմի ամբողջ կարողությամբ և, ինչն առավել կարևոր է, հատկապես հանրային մեխանիզմներով՝ պետական-քաղաքականի համար թողնելով ճկունության տեղ:

Մենք միայն այդ կերպ կարող ենք թույլ չտալ մեզ համար զգայուն հարցերի հանդեպ պատասխանատվության տրանսֆորմացիա «բազմանդամ պինգ-պոնգ»-ի: Մենք՝ որպես հանրային օրգանիզմ, սա չկարողացանք կամ չուզեցինք անել Արցախի պարագայում՝ ի վերջո ստանալով էթնիկ զտում ու հայաթափում: Հետևանքը ծանր է լինելու, եթե մենք չկարողանանք անել սա նաև Հայաստանի հարցում, այլ շարունակենք զբաղվել լավագույն «փրկիչ» նոմինացիայով»: