Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Չկա հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման խնդիր, կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման հարց, որով զբաղված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները:
Քանի դեռ մենք խուսափում ենք ուղիղ նայել այդ իրողությանը և համարում, որ կա ինչ–որ կարգավորում և դրանում մեզնից կախված ինչ–որ էական բան, մենք միշտ լինելու ենք այն, ում հաշվին իրականացվում է իրավիճակի կառավարումը:
Այդ դեպքում հարց կառաջանա, թե որն է մեր խնդիրը, եթե մեզանից բան կախված չէ․ սպասել ուժեղ հովանավորի կամ փնտրե՞լ այդպիսին:
Անշուշտ, ոչ: Մեզանից, ըստ էության, բան կախված չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում, բայց այդ կոնֆլիկտի կառավարման այս կամ այն ռեժիմի պարագայում մեր ներուժը, հետևաբար, մեր դիմադրունակությունն ու, ըստ այդմ էլ, մեր սուբյեկտությունը կախված են մեզանից: Հենց դա է անելիքը, որը թույլ կտա գալ «կառավարման հաշիվ փակուղի» կարգավիճակից զերծ մնալու երկարաժամկետ կարողության: Հենց այդ կարողության հետ է, որ հաշվի կնստեն արդեն թե «կառավարիչները», թե Ադրբեջանը:
ԽՍՀՄ-ն, օրինակ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման ռեժիմի տեսակ էր: Կառավարման ռեժիմի տեսակ էր նաև Մինսկի խմբի համանախագահությունը: Ո՞րը կլինի կառավարման նոր ռեժիմը՝ կորոշեն այսօր միմյանց դեմ պատերազմող ուժային կենտրոնները:
Բայց դուրս գանք դիվանագիտական լեքսիկոնից՝ իրական քաղաքականության մեջ կա ոչ թե կոնֆլիկտի կարգավորում, այլ կառավարում, այսինքն, պայմանավորվածություններ մակրո (գերտերությունների) և միկրո (կոնֆլիկտող կողմերի, որը լինում է մակրո–մակարդակում պայմանավորվածության արդյունք) մակարդակներում:
Հենց փլվում է կառավարման ռեժիմը, անմիջապես գլուխ է բարձրացնում կոնֆլիկտը: Ընդ որում, դա մենք տեսնում ենք, ընդհուպ, այսօրվա եվրոպական իրողություններում:
Այդպիսով, վերստին, մեզանից կախված անելիքը կարգավորումը չէ, այլ այնպիսի պետական, հանրային, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պաշտպանական ներուժ ձևավորելը, որ մեզ պայմանավորվածությունների օբյեկտից կդարձնի պայմանավորվածությունների սուբյեկտ»: