Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կարևոր նորություններ՝ Ջալալ Հարությունյանի գործով։ Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ՝ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվել է, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջալալ Հարությունյանի մեղքն առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է։
Մոտակա օրերս վերոգրյալ հանգամանքների մանրամասները կներկայացնեմ ասուլիսում, որի ժամանակ կպատասխանեմ հետաքրքրված լրագրողների հարցերին։ Ասուլիսի տեղի, օրվա և ժամի մասին կնշեմ լրացուցիչ»։