Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչքա՞ն կարելի է Պուտինի առաջ, թող ինձ ներեն այս արտահայտության համար, երկար կամ կարճ, հաստ կամ բարակ պոչ խաղացնել: Ես չեմ կարող ասել՝ նա Ռուսաստանի ընդհանուր-պետական ուղեգի՞ծն է ներկայացնում, թե՞ իր անհատական-քաղաքակրթական աշխարհընկալումն է այդպիսին, բայց փաստ է, որ Կրեմլի խնդիրը Նիկոլ Փաշինյանի, նրա ՔՊ կուսակցության և սորոսականության հետ չէ, այլ՝ Հայաստանի, հայկական պետության, Կովկասում հայ քաղաքական ինքնության:
Մարդը երկու օր առաջ պարզ հայտարարեց, որ Ոսկե հորդան նախընտրում է Արեւմուտքի իմպերիալիզմից: Հիմա մենք Ոսկե հորդայի՝ թուրքական աշխարհի, մա՞ս ենք դառնում: Ի՞նչ կարգավիճակով: Ինչպես Ղարաղորումի պայմանագրով Կիլիկիան Հայաստա՞նն է եղել, կամ Խաչենի Հասան-Ջալալյան իշխանությունը: Սա է գերխնդիրը: Ուզում եք՝ Հայաստանի վարչապետի ռուս թեկնածու առաջադրեք, Երեւանում Единая Россия-ի գրասենյակ բացեք՝ ոչինչ չի փոխվելու: Ռուսաստանի համար Հայաստանը կորցրել է ֆորպոստային նշանակությունը: Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանը պատերազմի աշխարհաքաղաքական նախագիծ չունի: Ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների էպոխան փակվել է: Արեւմտյան իմպերիալիզմի հետ էքզիստենցիալ դիմակայության մեջ Ռուսաստանի դաշնակիցը Իրանն է, թուրքական աշխարհն է, Սիրիան է, Թալիբանն է, ՀԱՄԱՍ-ն է: Եթե Ռուսաստանին հայկական Արցախ եւ միացյալ, ուժեղ Հայաստան պետք լիներ՝ հինգ րոպեում Երեւանը կմաքրեր 2018թ. ապրիլին: Իսկ նախընթաց հինգ տարում մոտ տասը միլիարդ դոլարի արդիական սպառազինություն չէր մատակարարի Իլհամ Ալիեւին: Իսկ եթե մի փոքր էլ խորանանք՝ Կազանում Իլհամի վիզը կոլորեր եւ ԼՂ խաղաղ կարգավորման համաձայնագիրը կստորագրվեր: Ինֆանտի՞լ եք:
Մի «քաղաքագիտական ճեմարան» բացեք եւ ինքներդ ձեզ դասախոսություններ կարդացեք: Ասաց՝ չէ, ասաց էլի, нет, պետք չեք: Ասաց, չէ՞՝ Ոսկե հորդա... Հարկը տվեք՝ Կիլիկիայի Հեթում թագավորի պես մի քանի տարի էլ իբր թե անկախ ապրեք: Կամ էլ շատ խնդրեք՝ ձեր չեղած հպարտությունը եւս մի անգամ չի տրորի, Ոսկե հորդայի հետ ինքը կպայմանավորվի:
Ականջ ունե՞ք, լսածը հասկանու՞մ եք: Թե պրոլետպոետի ասած՝ մի երգ գիտեք դուք աննման: Ռուսական ասացվածքի արջը, ճիշտ է, մեղր է երազում, բայց գոնե յոթ երգ գիտի...»: