Տեսակետ

Ու՞ր է պետությունը. աներկբա անելիքների շարքում առաջինը անվտանգության հարցում մոնոպոլիան ապահովելն է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուրեմն, պաշտպանության նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցի հարցմանն, ասում է, որ ՈՄԱ-ն հայտնի «գմբեթների» ծրագրով կապ չունի ՊՆ հետ, և այդ ծրագիրն էլ կապ չունի պաշտպանական գծերի հետ․ «Հայաստանի ՊՆ-ն կամ ԶՈւ-ն «ՈՄԱ» հկ–ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն պաշտպանական երկրորդ գծում, ինչպես նաև ԶՈւ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում»:

Հարց է առաջանում․ բա որտե՞ղ է կատարում՝ հանրային լայն հանգանակություն անելով, բայց, փաստորեն, առանց իրազեկելու, որ այդ հանգանակության շնորհիվ կատարվող աշխատանքը ոչ մի առնչություն չունի Հայաստանի ԶՈւ պատասխանատվության գոտիներում աշխատանքի հետ: 

Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե ով էր որոշել այդ գմբեթ կոչվածների ինքնարժեքը, ընդհանրապես, դրանց էֆեկտիվության գործակիցը՝ համադրելով դա այդ արժեքի հետ, արվող ծախսի հետ, ու այդօրինակ այլ հարցեր:

Այստեղ մի հարց է առաջանում՝ ու՞ր է պետությունը: Ու՞ր է պետությունը, երբ այդ պետության մեջ տարբեր կազմակերպություններ, պետական պաշտպանունակության դրոշի ներքո, պետական պաշտպանունակության ամրացման աշխատանքի խորագրի ներքո, հանգանակում են հանրային փողեր, փաստացի հանրությանը տալով իրենց հանգանակության բուն նյութի վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվություն, ինչպես երևում է ՊՆ հաղորդագրությունից:

Մի քանի ամիս առաջ գրեցի, որ, մի կողմ թողնելով հայրենասիրական կամ ռազմա-հայրենասիրական մղումները, պետք է արձանագրել մի բացասական միտում՝ պետական անվտանգության հարցում «ինքնագործունեության», պետական համակարգից դեպի «ջոկատային» տրամաբանություն ռեգրեսի խիստ բացասական հետևանքի մասին: Շատերը, լսելով այդ մասին, կարծում են՝ դա ուղղված է այդ գործերում միանգամայն անմնացորդ և անկեղծ նվիրված մարդկանց փնովելուն:
Ոչ, այդպիսի գործերում ներգրավվելը յուրաքանչյուր մարդու գործն է, նրա որոշելիքը և անելիքը:

Ես խոսում եմ ՊԵՏՈՒԹՅԱՆ անելիքի մասին: Իսկ պետության աներկբա անելիքների շարքում առաջինը հենց անվտանգության հարցում մոնոպոլիան ապահովելն է: Եվ դա նույնիսկ գերխնդիր է՝ այն պարզ պատճառով, որ սա խիստ սպեցիֆիկ ոլորտ է, առավել ևս, մարտահրավերների և սպառնալիքների ներկայիս հիբրիդային գերհագեցածության պայմաններում: Անվտանգության հարցով պետության և հանրության համար հնարավորինս անվտանգ, հանրայնորեն պաշտպանված զբաղվելը պահանջում է գործիքակազմի ամբողջություն, որն ունի, կարող է և պետք է ունենա միմիայն պետական կառավարման համակարգը:

Էլ չասած այն մասին, թե ինչ է նշանակում վեցերորդ սերնդի պատերազմների աշխարհում անվտանգությունը գմբեթներով պատկերացնելը»: