Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսական մամուլում Նիկոլ Փաշինյանին նվիրված հաղորդման մասին ֆեյսբուքյան հայկական տարածքն իր ասելիքն ասել է: Լուրջ դեմքերով շառլատանների այս խրախճանքի մանրամասների մասին խոսելն անպտուղ գործ եմ համարում, սակայն դրան մասնակցած և իրեն քաղաքական գործիչ համարող Անդրանիկ Թևանյանի ստորաքարշ պահվածքը ստիպեց մի դիպվածով կիսվել:
2018-ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր․ զանգեց Անդրանիկ Թևանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին և ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն:
Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար՝ ուշադրություն, Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թևանյանի պնդմամբ, անվտանգային կարևորության նյութերով այս փաթեթը պետք էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը և ես արեցի հաջորդ օրը:
Այս պատմությունը կարող էի ընդհանրապես չհիշել, քանի որ այդ շրջանում հարյուրավոր նման դեպքեր էին լինում: Բայց երբ մարդը ռուսական ալիքներով Նիկոլին արևմուտքի ագենտ, իսկ հեղափոխությունը արևմտյան պրոյեկտ է հռչակում, առնվազն պետք է բացատրի, թե ինչպես էր, իր պնդմամբ, արևմտյան ագենտներին վստահում Հայաստանի անվտանգությանը վերաբերող նյութեր, դեռ ավելին, Ռուսաստանի կողմից անցանկալի անձ համարվող Սամվել Բաբայանի համար էլ փոստատարություն անում:
Ի դեպ, Անդրանիկ Թևանյանի հետ սա մեր միակ շփումը չի եղել: Եթե շարունակի ռուսական գործիքի անփառունակ գործառույթը, նրա հիշողությունը կթարմացնեմ նաև այդ նույն ժամանակաշրջանում Վրաստանի հետ կապված մեր երկրորդ հանդիպման էպիզոդով:
Առայժմ այսքանը»...