Տեսակետ

Հայաստանում 30-39 տարեկան կանանց 19,6%-ը (կամ 46,3 հազ․ կին) երբևէ երեխա չի ունեցել. Հայկազ Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Անկասկած է, որ բնակչության աճը Հայաստանում ազգային անվտանգության խնդիր է։ Վերջին տարիներին պետությունը լուրջ գումարներ է հատկացնում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, բայց այդքանից զատ հարցեր կան, որ պետական միջամտությամբ չեն լուծվի. խոսքը սոցիալական ընկալումների/նորմերի մասին է, մասնավորապես, թե ինչպես է վերաբերում հասարակությունը առանց ամուսնության երեխա ունենալուն։

2022թ-ի մարդահամարի տվյալներով Հայաստանում 30-39 տարեկան կանանց 19,6%-ը (կամ 46,3 հազ․ կին) երբևէ երեխա չի ունեցել, այսինքն, այս տարիքային խմբի ամեն 5 կնոջից 1-ը: 

Իհարկե, երեխա չունենալը մի մասի մոտ պայմանավորված է իր կամ զուգընկերոջ առողջական խնդիրներով, մյուս մասը, միգուցե, որոշել է child-free կյանք վարել, բայց շատ կանայք էլ ուզում են երեխա ունենալ և, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն կարող գտնել իրենց երկրորդ կեսին, ու բախվում են «սոցիալական պատնեշներին»։ Այդպես, Հայաստանում տարեկան մի քանի հազար երեխա չի ծնվում։

Այս հարցը պիտի լինի մեր հասարակության օրակարգում, այդ հարցին պետք է անդրադառնա նաև եկեղեցին․ պիտի վերանայվեն ազգային-եկեղեցական ավանդույթները/կանոնները։ Սա ազգային անվտանգության հարց է, մանավանդ, որ այդ խնդիրը գնալով ավելի է սաստկանալու՝ հաշվի առնելով, թե ռազմական գործողությունների արդյունքում ինչքան զոհ ենք ունեցել վերջին տարիներին»։