Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է՝ Նիկոլ, ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր:
Լավ է ասում, սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն:
Բայց սա դեռ մի կողմ. ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է, որտեղ նա բառացիորեն հետևյալն է ասում. «Դուք պետք է բաց հայտարարեք և անմիջապես խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ»:
Սաակաշվիլիին փոխանցել է պետք, որ օր չի անցնում, որ Փաշինյանը չհայտարարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ընդ որում՝ հենց արևմտյան հարթակներից: Այդ իր վաղեմի ընկեր Ալիևն է, որ ոչ միայն չի ուզում արևմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլև, Արևմուտքի երեսին թքելով, Պուտինի կողքից տեղ չի գնում, և հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների՝ Բաքվի քաղաքականության մասին, այլև անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին՝ Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե «խաղաղության հասնելը որքան կարևոր է»:
Նախկին նախագահին խորհուրդ կտամ զերծ մնալ բաց նամակներ գրելուց, իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր ևեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ՝ Իլհամ Ալիևի հետ և հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ՝ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու»: