Տեսակետ

«Ընդամենը 14 օրվա ընթացքում չէին կարող լինել այնպիսի տնտեսական հիմքեր, որ դրամն այսքան արժեզրկվեր»․ Հայկազ Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի 10 տարի առաջ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Չինաստանում կամուրջը փլվում ամբոխի խուճապից առաջացած հրմշտոցի պատճառով։ Վերջին մի քանի օրվա փոխարժեքի շուկային հետևելիս այդ պատմությունը հիշեցի։
Ակնհայտ է, որ կարճաժամկետում (ընդամենը 14 օրվա ընթացքում) չէին կարող լինել այնպիսի տնտեսական հիմքեր, որ դրամն այսքան արժեզրկվեր, հետևաբար սա բացասական տնտեսական զարգացումների սպասումից առաջացած խուճապն է։

Այդ բացասական տնտեսական զարգացումների սպասումը թեև անհիմն չի, բայց, ըստ իս, նաև միտումնավոր կամ, միգուցե, անզգուշաբար շիկացվում է «տեսար ինչ եղավ» և «իսկ դու գիտե՞ս մթության մեջ ինչքան ատամնաբույժ կա» մեդիաարշավների միջոցով՝ «նվիրված» ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նախագծի քննարկմանը/ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը։

Վերջին 15 տարում ես մի քանի դեպք եմ հիշում (2009, 2014, 2016, 2020, 2022թթ․), երբ խուճապը հազարավոր տնային տնտեսությունների և բիզնեսների մոտ զգալի կորուստներ է առաջացրել, միգուցե, որոշները շահել են, իսկ գրեթե միշտ շահել են բանկերը՝ առնվազն spread-ի վրա։ Խոսեմ թվերով, 2023թ-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 18-ը Հայաստանի ներբանկային շուկայում դոլարի պահանջարկի օրական միջնարժեքը եղել է $30.9 մլն, իսկ հոկտեմբերի 3-ին՝ $56.3 մլն, այսինքն «սովորականի» համեմատ պահանջարկն աճել է 81.9%-ով, իսկ spread-ը համապատասխանաբար եղել է 3.01 դրամ, իսկ հոկտեմբերի 3-ին հասել է 11.77 դրամի, այսինքն միայն այսօր, այլ հավասար պայմաններում, պարզեցված հաշվարկով բանկերի հավելյալ եկամուտը խուճապից եղել է ավելի քան 569.2 մլն դրամ։

Իսկ նկարում դրամի անկումն է։ Մուգ կապույտ հատվածը ցույց է տալիս spread-ը, թե ինչքան են բանկերը շահում միավոր դոլարի առուվաճառքից»։