Տեսակետ

Արևմուտքին պետք է ոչ թե սեփական պատասխանատվության շեշտադրում, այլ Ռուսաստանի պատասխանատվության արյունոտ տապալում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարծում եմ՝ մարդիկ, որոնք խրոխտ ու ինքնավստահ խոսում են այսօրվա աշխարհում արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին, նաև նույնքան խրոխտ ու ինքնավստահ են լինելու այդ ամենի արյունոտ գինը վճարելիս  առաջին շարքում հայտնվելու հարցում:

Իսկ որ դա ունենալու է արյունոտ գին, պետք չէ ունենալ որևէ կասկած: Փոխարենը պետք է կասկածել այդ փոփոխության հաջողությանը՝ նույնիսկ արյունոտ գինը վճարելու պարագայում: Առավել ևս այն պարագայում, որ նրանք, ում ուղղությամբ մենք պատկերացնում ենք վեկտորի փոփոխություն, բոլորովին դա չէ, որ սպասում են մեզնից: Որովհետև վեկտորի փոփոխությունը նշանակելու է գլխավոր պատասխանատուի փոփոխություն, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի փոխարեն այդ պատասխանատուն պետք է դառնա Արևմուտքը:

Իսկ Արևմուտքին պետք է ոչ թե սեփական պատասխանատվության շեշտադրում, այլ հակառակը՝ Ռուսաստանի պատասխանատվության շարունակվող տապալում, այն էլ՝ արյունոտ տապալում:

Իսկ «այլընտրանքը» մեզ ասել են շատ պարզ՝ ուզում եք անվտանգություն, ուրեմն պետք է պայմանավորվեք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մենք ձեզ կտանք ձրի «սենյակ», որ նստեք ու պայմանավորվեք: 

Իսկ հիմա հարց․ ո՞վ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի շահավետ պայմանավորվելու՝ Հայաստանից անհամեմատ ավելի մեծ  ռեսուրս, հնարավորություն, ավանդույթներ: Իհարկե, Ռուսաստանը: Ու՞մ հաշվին են կայանում այդ տարբեր ժամկետային հեռահարության պայմանավորվածությունները․ իհարկե, Հայաստանի:
Բնականաբար, առաջանում է մյուս հակափաստարկը՝ բա ի՞նչ անել, չէ՞ որ այդ պայմանավորվածությունները այսպես, թե այնպես լինում են, ինչպե՞ս դուրս գանք այդ թակարդից, եթե ոչ՝ վեկտոր փոխելով:

Եթե մենք չունենք այլ մեխանիզմների և տարբերակների մշակման բավարար ուղեղային կարողություն, դա դեռ չի նշանակում, որ մնում է վեկտոր փոխելը, առավել ևս՝ համաշխարհային պատերազմի իրավիճակում, այն էլ՝ համակարգչի դիմաց նստած, այլ ոչ թե սահմանին կանգնած:

Սա վախի մասին գրառում չէ, այլ շրջահայացության: Վեկտոր չփոխելու պարագայում մենք ապահովագրվա՞ծ ենք արյունալի նոր փուլերից: Իհարկե, ոչ: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր կենսունակության, դիմադրունակության բարձրացման հարցում այն, ինչ մենք պետք է փոխենք, դա մեր ներսում է, սկսած՝ մեր ներհասարակական հարաբերություններից, մինչև հասարակական-քաղաքական, ռազմական ինստիտուտների որակներ, բովանդակություն: Մեր հավաքական միտքը կբավականացնի՞ անել դա:

Առանցքային հարցը սա է, որովհետև այն, որ մեր երևակայությունը կբավականացնի համակարգչի առաջ նստած ասել՝ ինչ ասես, այստեղ չկա որևէ կասկած: Իսկ ներքին որակների և հասարակական-քաղաքական օրգանիզմի ինստիտուցիոնալ առողջացման ծանր աշխատանքը արդյունավետ անելու համար արտաքին դաշտում մեզանից պահանջվելու է սուր ռեակցիաների շարժառիթների և պատճառների առավելագույնս նվազեցում․ որ կողմից էլ լինի այդ ռեակցիայի ռիսկը»: